«Ես երբեք պալատական երգիչ չեմ եղել, եւ ինձ համար նշանակություն չունի՝ ով կգա իշխանության: Բոլոր իշխանությունների հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, գլուխս կախ իմ գործն եմ արել: Միշտ էլ պատրաստ եմ իմ ծառայությունները մատուցել երգի տեսքով»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ներկայիս իշխանության օրոք իրեն՝ որպես բեմի մարդ, ինչպես է զգում, հատկապես, որ նախկինում գոյություն ունեին, այսպես ասած, պալատական երգիչներ, իսկ հիմա, ինչպես ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է նշել, այդ հասկացությունը չի լինելու:
Գեւորգի խոսքով՝ իր համար նշանակություն չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում. «Եթե ամեն մարդ իր գործն անի, ամեն բան կընկնի իր տեղը: Դա է ժողովրդավար երկիր լինելու ցուցիչներից մեկը»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի երգիչը Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության մասին. «Հայկ Մարությանի ընտրվելու առթիվ շատ ուրախ եմ, բավական պոզիտիվ եմ տրամադրված: Կարծում եմ՝ ժամանակը ամեն բան կգցի իր տեղը: Այսօր ոչ ոք ոչ մի բանով չի կարող զարմացնել, թերեւս միայն մարդասիրությամբ: Ուզում եմ, որ մեր ղեկավարները հենց այդ հատկությամբ օժտված լինեն: Այն համոզման եմ, որ Հայկը երկար ծանրութեթեւ է արել, եւ եթե համաձայնել է մտնել այդ բեռի տակ, ուրեմն պատրաստ է դրան, այլապես չէր գնա այդ քայլին: Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ասեմ, որ ոչ ոքի չեմ ճանաչում (ծիծաղում է), ներկայումս գործող քաղաքական գործիչներից միայն Նիկոլ Փաշինյանին գիտեմ, իսկ նրանից տպավորությունս, միանշանակ, դրական է: Վարչապետը սրտացավ մարդ է եւ փորձում է անել հնարավորը, որպեսզի ժողովրդի վիճակը բարելավվի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա հույս հայտնեց, որ մեր երկրի վիճակն այնքան կլավանա, որ արտերկրում ապրող հայերը կվերադառնան հայրենիք. «Այդ միտումն ինքս արդեն զգում եմ, տեսնում եմ, տա Աստված՝ այն շարունակական լինի»,-եզրափակեց Գեւորգը:
Անի Անտոնյան