Ազնավուր՝ հույս. ավելին, քան լեգենդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո
Կվերընձյուղվի կենաց ծառը քո
Քեզ համար, Հայաստան:
Ազնավուր

Երբ դեռ փոքր էի, Ազնավուր անունը ինձ համար նշանակում էր հույս: Երգիչ Ազնավուրին ես քիչ էի ճանաչում, բայց նա հասցրել էր դառնալ իմ սերնդի հույսը: Իսկ հույսն ինքնին արդեն երգ է: 1988-ի երկրաշարժ, հետո ղարաբաղյան պատերազմ, սով, հայ մանուկների սպասող սրտեր ու Ազնավուր: Ինձ պատմել են, որ ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ կամավորական ջոկատների համար այստեղից-այնտեղից զենքեր էին հայթայթում, մարդիկ հարցնում էին. «Որտեղի՞ց դրանք», եւ պատասխանը լինում էր այսպիսին. «Ազնավուրն է ուղարկել»: Չեմ ուզում կրկնել, թե Ազնավուրը դրանից առաջ, այդ ժամանակ եւ դրանից հետո Հայաստանին որքան է օգնել ու ինչեր է ուղարկել, բայց հետաքրքիրն այն է, որ կոնկրետ այդ զենքերը հաստատ Ազնավուրը չէր ուղարկել: Դա շատերը գիտեին: Բայց գիտե՞ք ինչու էին այդպես ասում. որովհետեւ եթե Ազնավուրն էր ուղարկել, ուրեմն այդ ավտոմատով ավելի լավ պետք է կրակեին, ուրեմն մեռնելն արգելվում էր: Դիրքերում եղած տղաները նաեւ պատմում են, որ պատերազմի օրերին «Քեզ համար, Հայաստան» երգը լսում էին փոքրիկ նվագարկիչներով, ու դա տալիս էր ավելին, քան հույսը. տղաների մոտ այն բարձրանում էր «դուխը»:

Ավագ ընկերներս պատմում են, որ երբ 1964-ին Ազնավուրն առաջին անգամ այցելեց Հայաստան, մեր հայրենակիցներից շատերը գնացին նրան դիմավորելու, նրա հետ շփվելու, նետվեցին սկզբում օդանավակայան, հետո այնտեղ, որտեղ հանգրվանել էր շանսոնիեն, եւ այդ ամենը միայն մի բանի համար, որպեսզի Ազնավուրին ասեին. «Գիտե՞ք, մենք ազգականներ ենք»: Ազնավուրն այն մարդն էր, ում հետ բոլորն ուզում էին արյունակից լինել՝ անկախ բնության եւ ճակատագրի հաճությունից:
Ազնավուրը միայն Շվեյցարիայում չէր, որ Հայաստանի դեսպանն էր: Երբ տարիներ առաջ տարածվեցին լուրեր, որ նա հարցազրույցներից մեկի ժամանակ նախատել էր Հայաստանի արդեն նախկին իշխանությանը, բոլորը ցիտում էին նրան, լուրերի մի մասը նույնիսկ հերքվում էր, բայց դա էական չէր: Հայերն ուզում էին իրենց իշխանության վրա Ազնավուրի մատը թափ տալ:

Երեկ զանգեցի ընկերուհուս, ասացի. «Ազնավուրն է մահացել»: Ասաց. «Չի կարող պատահել»: Հա, իրոք, չէր կարող պատահել, ես էլ այդպես գիտեի, որ դա լինելու բան չէր: Թվում էր, թե շանսոնիեն անմահ է: Ֆիզիկապես էլ: 94 տարին վճռորոշ կարող էր լինել հազարավորների համար, բայց ոչ նրա: Ազգովի հույս ունեինք, որ մահը պետք է շրջանցեր նրան: Չգիտեմ` ինչպես: Այդ հույսն էլ էր Ազնավուրը ներշնչել:
Երեկ ամբողջ օրը ուշքի չեկա, բայց ոչ թե մեծ հայի, ոչ թե լեգենդի, այլ հարազատ, շատ հարազատ մարդ կորցրած մարդու պես: Իսկ ինչ-որ մեկի համար այդքան հարազատ լինելն ավելի կարեւոր է, քան լեգենդ լինելը:
Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ազնավուր

Աննա Բաբաջանյան




Լրահոս