Արտաշատի քաղաքապետարանում նոր զարգացումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանում վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Տեղեկացնենք, որ համայնքի ավագանին տեւական ժամանակ անընդհատ բոյկոտում էր` չներկայանալով նիստերին: Հիմա էլ ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը աշխատանքից ազատել է փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծատուրյանի փոխարեն փոխքաղաքապետ նշանակել է Սերգեյ Մուրադյանին: Մեր հարցին` ինչո՞ւ եք Ռուբեն Ծատուրյանին ազատել պաշտոնից, քաղաքապետ Կարեն Բենիամինյանն ասաց. «Իր աշխատանքը ինձ դուր չի եկել, այդ պատճառով ազատվել է աշխատանքից»: Ի դեպ, վերջինս Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է:

Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Սերգեյ Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել էր Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Նարինէ Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:

Մի քանի ամիս տևած դատական նիստերում վկաներին լսելուց, այնուհետև քրեական գործի նյութերը ուսումնասիրելուց հետո մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը հայտարարել է Սերգեյ Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչից հետո դատարանն արդարացման վճիռ է կայացրել:




Լրահոս