Հայտնի դառնալուց հետո ավելի ամաչկոտ եմ դարձել. Վրեժ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է երգիչ Վրեժ Կիրակոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության քչերին հայտնի գծերն ու նախասիրությունները: Վրեժը պատմել է իր կյանքի երեք ճակատագրական պահերի, երջանիկ լինելու գաղտնիքի եւ այն անհավանական նվերի մասին, որ կյանքը պարգեւել է իրեն: Վրեժը խոսսել է վախը հաղթահարելու իր մեթոդի եւ իր սովորության մասին, որին դիմում է բեմ դուրս գալուց առաջ: Երգիչը տեղեկացրել է, որ մի քանի օրից կծնվի իր երկրորդ զավակը, եւ ինքն անհամբերությամբ սպասում է շրջադարձային այդ իրադարձությանը:

-Վրեժ, շարունակեք միտքը. «Ես աշխարհ եմ եկել, որպեսզի…»

-Որպեսզի իրականացնեմ այն ծրագիրը, որն ինձ համար նախատեսել է Աստված:

-Կա՞ մի հատկություն, որ ձեռք եք բերել հայտնի դառնալուց հետո: Ձեր կյանքը որքանո՞վ փոխվեց:

-Անկեղծ ասած` ավելի ամաչկոտ եմ դարձել: Ինձ հաճախ են ասում դա (ծիծաղում է):

-Մի բան, որին ձգտել եք դեռ մանկուց:

-Միշտ ուզեցել եմ խաղաղ կյանք ունենալ, առհասարակ, կոնֆլիկտային չեմ:

-Կենդանի, որի էությունը, վարքագիծը հոգեհարազատ է Ձեզ:

-Ես մի քանի կենդանու անուն կասեմ` շուն եւ ձի: Իսկապես, շատ եմ սիրում: Նրանք հավատարիմ են եւ բարի:

-Վախը հաղթահարելու Ձեր մեթոդը, տարբերակը:

-Բոլոր վախերը հանձնում եմ Աստծուն: Դա է խոչընդոտները հաղթահարելու լավագույն ձեւը:

-Շարունակեք միտքը. «Նա, ով խոսում է իմ ետեւից…»

-Շատ լավ մարդ է (ծիծաղում է): Ես չարությամբ չեմ լցվում ոչ ոքի հանդեպ:

-Հայաստանի ամենատեսարժան վայրը Ձեր աչքերով ո՞րն է:

-Իմ գյուղն է` Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղը: Հրաշք է մեր Լոռին, հրաշք:

-Նշեք, թե որոնք են Ձեր կյանքի երեք ճակատագրական կետերը:

-Առաջինը, երբ ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ, երկրորդը` հորս մահը, երրորդը` ամուսնությունս եւ երեխայիս ծնունդը, հաստատ ոչ «Իքս ֆակտորում» հաղթելը (ծիծաղում է):

-Ունե՞ք այնպիսի սովորություն, որին դիմում եք ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ:

-Այո, սովորաբար աղոթում եմ, դիմում եմ Աստծուն:

-Շարունակեք միտքը. «Նրանք, ովքեր երբեւէ նեղացրել են ինձ…»

-Կարծում եմ` մի օր կհասկանան, որ սխալվել են:

-Կա՞ մի բան, որ լավ ընկերը երբեք չպետք է անի:

-Լավ ընկերը երբեք չպետք է քո հետեւից բամբասի:

-Այս երեք գծերից ո՞րն է Ձեզ առավել բնորոշ` հեռատե՞ս, հաշվենկա՞տ, թե՞ բծախնդիր:

-Անշուշտ, բծախնդիր, այդպիսին եմ ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ գործնականում:

-Կա՞ մի ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի, որքան էլ հյուրասիրեն, սիրով կհամտեսեք:

-Այո, դա մորս պատրաստած տոլման է:

-Ինչպե՞ս կձեւակերպեք` ո՞րն է երջանկության գաղտնիքը:

-Երջանկությունը պարզ, հասարակ լինելու մեջ է, այնպիսին, ինչպիսին կաս: Պարզապես պետք չէ ձեւացնել:

-Հաճա՞խ եք հիասթափվում, թե՞ ավելիի ակնկալիքներ չեք ունենում, որ հիասթափվեք:

-Ոչ, հաճախ չեմ հիասթափվում:

-Կա՞ մի բան, որ չէիք պատկերացնի, որ Ձեզ հետ տեղի կունենար:

-Այո, բալիկ ունենալը այն իմաստով, որ նայում ես նրան ու չես հավատում, որ այդ փոքրիկը քոնն է:

-Ունե՞ք մի երազանք, որը դեռ չի իրականացել, բայց վաղուց եք փայփայում:

-Այո, միշտ ցանկացել եմ, որ կինս ինձ չորրորդ երեխան պարգեւի: Ի դեպ, ասեմ, որ շուտով` ընդամենը մի քանի օրից, երկրորդ երեխաս է ծնվելու:

-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:

-Լեոնարդո դա Վինչին է: Ոչ միայն երգարվեստում, այլեւ արվեստի մյուս ճյուղերի պարագայում նախընտրում եմ դասական արվեստը:

-Եվ վերջում, իմ տված հարցերից ո՞րն ավելի դուր եկավ:

-Կյանքի երեք ճակատագրական փուլերին առնչվող հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս