Սերժ Սարգսյանի ընկերը մնաց միայնակ. Ալավերդու պղնձաձուլական գործարանը կփակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկինում «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Բանն այն է, որ Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին` հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց: Իսկ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել է այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Նշենք, որ ընկերության կողմից Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական եւ ՎՏԲ խմբից ներգրավված վարկային միջոցների հաշվին: Իսկ վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է:

Արդյունքում, «Վալլեքս» խմբի ընկերությունը դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ 1200 աշխատողների թիվը հասցրեց 300-ի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ ընկերության ճաշարանի եւ խանութի աշխատողները աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, նրանք նոյեմբերի 1-ից չպետք է գնան աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Թեղուտի կառավարումն այս պահին իրականացնում է «ՎՏԲ բանկը» եւ իր հետ ասոցացված կառույցների կողմից նշանակված ղեկավարները:

Սակայն տեղի բնակչության մեծ մասը մի շարք մտահոգություններ ունի Թեղուտի հանքավայրի հետագա շահագործման հետ կապված. ի՞նչ ընկերություն է շարունակելու շահագործել հանքավայրը: Չէ՞ որ ռուսաստանյան ՎՏԲ բանկում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ադրբեջանը եւս բաժնեմաս ունի: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Վալլեքս» խումբը Չինաստանի կառավարության հետ բանակցում է Ալավերդիում մոտ 600 մլն դոլարի ներդրումների հաշվին նոր, աշխարհի ամենանորագույն տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու ծրագրի շուրջ:

Մինչ այդ նկատենք, որ «Վալլեքս» խմբի միակ խնդիրը «Թեղուտ»-ը չէ, այ Ալավերդու պղնձաձուլական գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված է կրկին նույն` ՎՏԲ բանկում: Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ այն չորս օրից փակվելու է: Ավելին` գործարանը շահագործող ընկերությունը փակման մասին արդեն աշխատակիցներին զգուշացրել է: Այս ընթացքում անգամ կան աշխատողներ, որոնք ազատման դիմումներ են ներկայացնում:

Սա դեռ ամենը չէ: Մինչ «Վալլեքս» խումբը փորձեր է անում ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ իրավական ճանապարհով վիճարկել գործարանը բանկին անցնելու գործընթացի օրինականությունը, այս ընթացքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նրանց տուգանել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում ստուգումներ է իրականացրել եւ արձանագրել, որ մթնոլորտային օդի եւ ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցվել է 380 մլն դրամի վնաս:

Ի դեպ, «Թեղուտ» ընկերությունը վերջին տարիներին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում է: Իսկ տնտեսագետները վստահ են, որ «Թեղուտ»-ի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելը երկրի տնտեսությանը լուրջ վնաս կհասցնի: Այս ընկերությունը հարկային մուտքեր է ապահովում Հայաստանի համար: Եւ ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վալլեքս» խմբից, սակայն հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ այս պահին չեն կարող հարցերին պատասխանել եւ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս