Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

«Եղել են լուրջ քննարկումներ գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, թեկնածուների գործեր են հավաքվել, հատվածներ ենք դիտել նրանց բեմադրություններից, ներկայացրած ծրագրերն ենք նայել: Ի վերջո ՀՀ մշակույթի նախարարության հոկտեմբերի 1-ին կազմակերպած վերջին քննարկումներից հետո ներկայացված հինգ թեկնածուից ընտրվեց երկուսը` Կարեն Ներսիսյանը և ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որոնք իրենց գործունեությամբ, ներկայացումներից ցուցադրած հատվածներով և ծրագրերով բավականին լուրջ տպավորություն թողեցին»,-պատմեց Դավթյանը:

Նրա խոսքով` Սուրեն Շահվերդյանին շատերն են ճանաչում, քանի որ նա բնակվում է Հայաստանում, իսկ Կարեն Ներսիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ստանիսլավսկու թատրոնում, գրեթե մեկ տարի աշխատել է որպես բեմի բանվոր, հետագայում թատրոնում դիպլոմային ներկայացումներ է բեմադրել, այնուհետև մեկնել Ռուսաստան: Ինը տարի աշխատել է բեմադրիչ, դրամատուրգ, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկու հետ: Ներկայացումներ է բեմադրել Ռուսաստանի մի շարք թատրոններում: Գրեթե 50 բեմադրության հեղինակ է:

«Ինձ համար կարևոր է այն փաստը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ` Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին մեր թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ»,-ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի մեկին ՀՀ մշակույթի նախարարությունում իրականացված լսումների արդյունքում որոշվել էր Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին հնարավորություն տալ առաջիկայում Ստանիսլավսկու թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտար հետագա հստակ և համարժեք ընտրության կատարել:

«Ո՞վ ասաց, որ եթե մարդիկ լուրջ ներկայացում են բեմադրում, ապա մեկ ամիսը դրա համար բավարար է: Ըստ իս` մեկ ամիսը բավարար չէ պրոֆեսիոնալ ներկայացում բեմադրելու համար: Թատրոնն ունի իր ծրագրերը, պատրաստվում ենք Ամանորի ներկայացմանը ու ցանկանում ենք բարձրորակ գործ անել: Եթե գեղարվեստական ղեկավարի նշանակման գործընթացը ձգվեր երեք ամիս կամ ավել, ինչպես առաջարկվում էր, ապա կոլեկտիվը չէր կարողանա այդքան երկար մնալ օդում կախված վիճակում, հետևաբար ես նման որոշում կայացրեցի»,-փաստեց տնօրենը:

Նրա խոսքով` իր որոշմամբ ստորագրվել է հրաման, որի համաձայն թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ ժամկետով:

Դավթյանը ասաց, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը կողմ էր Սուրեն Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակմանը, իսկ մյուս կողմը` Կարեն Ներսիսյանի:

Դավթյանը նշեց, որ Կարեն Ներսիսյանը Հայաստանում կլինի նոյեմբերի տասին և խոստացավ նրա մասնակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպել, որպեսզի լրագրողներն իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ ստանան:




Լրահոս