Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար։
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ.Մարտիրոսյանը համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: