ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները որքան էլ սպասելի էին, նույնքան էլ անսպասելի էին «Իմ քայլը» դաշինքի այդքան մեծ տարբերությամբ հաղթանակը: Եվ երեկվանից նույնիսկ տեսակետներ են հնչում, թե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները բոլոր առումներով քաղաքական հիմք ստեղծեցին Ազգային Ժողովի ինքնալուծարման համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն արագացնելու մասին երեկ խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է ԱՄՆ-ում: Ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության ծրագրում ամրագրված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում: Եվ վարչապետն էլ ոչ մեկ անգամ ակնարկել ու բարձրաձայնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետները տեսնում է մայիս-հունիս ամիսներին: Սակայն ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները փոխեցին նաեւ գործող իշխանությունների ծրագրերը:
Եվ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ից հայտարարել է, թե Երեւան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը եւ պայմանները: «Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց, ըստ էության, իրադարձությունները եւ այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, եւ նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ… Եվ, ըստ էության, տնտեսական եւ ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը», – նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով` այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ: Փաստորեն, Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմնավորումների մեջ առանձնացնում է նաեւ տնտեսական իրողությունները, ներդրողների սպասողական վիճակները: Այլ կերպ ասած` նա ներկայացնում է այնպիսի հիմնավորումներ, որոնք չեն կարող անտեսել քաղաքական ուժերը, այդ թվում` ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները:
Եվ պատահական չէ, որ նախկինում խորհրդարանական ընտրությունների գնալ չցանկացող, անգամ սահամանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերը երեկ արդեն սկսել էին մեղմել իրենց տեսակետները` ասելով, թե ամեն ինչ քննարկման դաշտում է:
«Մենք պատրաստ ենք վարչապետի վերադառնալուն պես քննարկումների ֆորմատը հասկանալ, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցություն ունենանք, եւ տարբեր քաղաքական ուժերից ինչ դիրքորոշում ունեն, եւ ըստ այդմ էլ՝ քննարկումներն ունենանք»,- նշել է ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ-ն, ընդունելով ընտրությունների արդյունքները եւ հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին, իրենց պատրաստակամություն են հայտնում նաեւ աջակցել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ երեկ պնդել է, թե իրենք պատրաստ են ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշել է, թե իրենք ցանկացած քննարկումների պատրաստ են, սակայն նաեւ կարծիք է հայտնել, որ մինչեւ ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Թեեւ, մյուս կողմից Բաղդասարյանը հավելել է, թե ԱԺ ցրելու հիմքեր չկան:
Քաղաքական ուժերի այսպիսի տեսակետները եւս մեկ անգամ վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով եւս մեկ անգամ ապացուցեց, որ վայելում է ժողովրդի վստահությունը, կարող է քննարկման առարկա դնել ցանկացած հարց եւ հասնել այդ հարցի իրականացմանը: Ի վերջո, այժմ մյուս քաղաքական ուժերը, այդ թվում «Հանրապետականը», բարոյապես էլ իրավունք չունեն դեմ գնալ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Սակայն այստեղ ավելի կարեւոր է, թե ինչ սցենարով կհասնի Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իսկ սցենարներն ամեն դեպքում երկուսն են, որոնց մասին բարձրաձայնել է նաեւ վարչապետը:
Առաջին տարբերակը տալիս է Սահմանադրությունը, ըստ որի` նա պետք է հրաժարական տա, եւ երկու անգամ վարչապետի ընտրություն չկայանա: Սա իհարկե ռիսկային տարբերակ է, եւ վարչապետը պետք է ստանա բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը, որ իր հրաժարականից հետո նրանք այլ թեկնածու չեն առաջադրի: Բայց մյուս կողմից եթե հանկարծ որեւէ քաղաքական ուժ որոշի խաբել Փաշինյանին, ապա կարող է Հայաստանում վերսկսվել այն, ինչ եղավ թավշյա հեղափոխության օրերին. համաժողովրդական ցասման եւս մեկ ալիք կհասունանա Հայաստանում, ընդ որում` հրաժարական ներկայացրած վարչապետը բոլոր իրավունքները կունենա կրկին փողոցում առաջնորդելու ժողովրդին, ու այդպես վերջնական ոչնչացման եզրին կարող են հայտնվել այդ ուժերը:
Իսկ մյուս տարբերակն էլ սահմանադրական փոփոխությունների միջոցով ԱԺ-ի ինքնալուծարման հասնելն է: Սա էլ է ռիսկային, քանի որ նույն ՀՀԿ-ն այնքան էլ հեշտ չի համաձայնի հրաժարվել իր վերջին հենարանից: Իսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է մարդկանց ոտքի հանել, շրջափակել խորհրդարանի շենքն ու կրկին ճնշումներով հասնել խորհրդարանի ինքնալուծարման: Վարչապետի կողմից նման քայլը ՀՀԿ-ականները կփորձեն մատուցել որպես իրենց նկատմամբ ճնշում, բազմակարծության դեմ քայլ: Ուստի հենց նման շահարկումները կանխելու համար է, որ Փաշինյանը խոսում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի ընդհանուր հայտարարի գան:
Իսկ մինչ այդ արձանագրենք. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն օրվա հրամայական է, դա ակնհայտ է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նա պահանջում է քննել նախարար Արթուր Խաչատրյանի հետ կապված միջադեպը` համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերեւույթ խախտում, երբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերվել անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազորություններն իրականացնելիս: Հիշեցնենք` Բերբերյանը, օգոստոսին քննադատելով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները, նախարարին թվանկարիչ էր անվանել: Արթուր Խաչատրյանն էլ հակադարձել էր, որ եթե ինքը նկարչական ձիրք ունենար, Բերբերյանի կոմիքսը կնկարեր:

 

 

ԽՆԱՄՈՒՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խնամու՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի միջնորդությունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողությունները արգելելու մասով: Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել` պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Միաժամանակ նա դատարանից խնդրել էր նախարարի որոշ գործողություններն արգելելու մասով որոշում կայացնել: Բայց փաստորեն դատարանը չի բավարարել միջնորդությունը: Նշենք, որ սա նախարար Թորոսյանի դեմ Մինասյանի կողմից միակ հայցը չէ. եւս մեկ հայց էլ նա ներկայացրել էր դատարան, որպեսզի իրեն աշխատանքից ազատելու նախարարի հրամանը անվավեր ճանաչվի եւ իր նախկին աշխատանքում վերականգվնի:

 

 

ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՈՆ
Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է ծախսել բավական լուրջ գումարներ: Ընդ որում, սա դեռ նախորդ իշխանությունների ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ քաղաքապետարանը Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է 138 մլն 480 հազար դրամ գումար: Իսկ պայմանագիր կնքվել է «ԷյԴիվի Մեդիա Էս» ընկերության հետ: Նշենք, որ «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ն պատկանում է երեւանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը: Ի դեպ, այս ընկերությանը ժամանակին վստահվել է նաեւ քաղաքի գլխավոր տոնածառի եւ ամանորյա այլ զարդարանքի աշխատանքները:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԱԺ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որ չմասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին` սատարելով «Իմ քայլը» դաշինքին, հայտարարություն է տարածել` շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ: «Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը այդ կամարտահայտությանը եւ պատրաստակամությունը անմիջապես սկսելու ժողովրդի պատգամի իրականացման գործընթացը»,-նշված է ՀԱԿ հայտարարության մեջ,- «Երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը, հատկապես՝ երկրի կայունությունն ապահովելը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու արցախահայության ազատությունն ու անկախությունը երաշխավորելը, տնտեսության վերափոխումն ու զարգացումն ապահովելը, իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելը անհնար է, եթե օր առաջ չձեւավորվի օրինակարգ, ժողովրդի բարձր վստահությունը վայելող խորհրդարան»։

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այն կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Է. Մամեդյարովը հայտարարել էր, որ սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսված է նրա` Ղարաբաղի հարցով հանդիպումը հայ գործընկեր Զ. Մնացականյանի հետ: Նշենք, որ Նյու Յորքում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

 

 

«ՖԱՆՏԱՍՏԻԿ ՕՐԻՆԱԿ»
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլյան ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: Գուտերեշի կարծիքով` Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն. «Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու` նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էդգար Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

 

ՏՆՕՐԵՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը: Նշենք, որ Հայկակ Արշամյանը 2018թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:




Լրահոս