«ԱՐՏԻՍՏՆ ԻՐ ԲՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՆՈՒԿ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությունը, բնավորությանը բնորոշ գծերը: Մեր զրուցակիցը կարծիք է հայտնել, թե որ դեպքում կարելի է կյանքը հաջողված համարել, պատմել է, թե այս պահին ինչ մեծ ծրագիր ունի եւ ինչու այն չի կարող կյանքի կոչել, ինչպես նաեւ նշել է, թե ինչու երբեք քաղաքականություն մուտք չի գործի: Պարոն Ալեքսանյանը ասել է, որ ամուր նյարդեր ունի, խոստովանել, թե մարդկային որ տեսակներն են իրեն վանում:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր օրը սովորաբար սկսում եք…
-Թեյով եւ լավ նախաճաշով:
-Ո՞ր դեպքում եք ավելի լավ աշխատում:
-Երբ մարդ աշխատում է, արդեն իսկ լավ է զգում իրեն հենց միայն այդ փաստից: Չաշխատելուց ես քեզ վատ զգում:
-Ո՞ր եղանակն է Ձեզ հոգեհարազատ:
-Բոլոր եղանակները. բնության մեջ վատ եղանակ գոյություն չունի:
-Ըստ Ձեզ՝ մարդ կարո՞ղ է շատ ընկերներ ունենալ:
-Չէի ասի:
-Ինչպիսի՞ որակներով օժտված մարդիկ են Ձեզ վանում:
-Առաջինը դավաճան մարդկանց չեմ սիրում, նաեւ սուտասան:
-Ներում եք, բայց չե՞ք մոռանում, թե՞ մոռանում եք, բայց չեք ներում:
-Երկուսն էլ պատահում է:
-Բուսակե՞ր եք, թե՞ մսակեր:
-Երկուսն էլ:
-Ո՞րն է լավ ժամանցի գրավականը՝ նստել տանը եւ գիրք կարդա՞լ, թե՞ գնալ սրճարան ընկերների հետ:
-Նայած տրամադրություն, նայած ժամանակ: Ընդհանրապես, իմ ժամանցը երբեք պասիվ չի լինում, դրա անբաժանելի մասն են կազմում ընկերներս, գրականությունը, համացանցը:
-Ձեզ կարելի է համարել նեղացկոտ, մոռացկո՞տ, թե՞ անփույթ:
-Ավելի շուտ՝ նեղացկոտ: Արտիստն իր բնությամբ մանուկ է, փխրուն, նրան նեղացնելը հեշտ է:
-Ամենատպավորիչ բանը Ձեր արտաքինում:
-Գանգուր մազերս (ծիծաղում է):
-Ինքներդ Ձեր մասին լսած ամենատպավորիչ բամբասանքը:
-Շատ բաներ եմ լսել ու ժպտացել, ծիծաղել: Մարդիկ առանց քեզ իմանալու գնահատում են: Եղել են դեպքեր, երբ մարդիկ իմ մասին վատ են արտահայտվել, հետո շփվել են, կարծիքները փոխել են: Հաճախ իմ մասին իմ դերերով են կարծիք կազմում:
-Նյարդերից թո՞ւյլ եք, թե՞ ամուր:
-Ամուր, իհարկե, ամուր: Եթե թույլ լինեի, հիմա գերեզմանոցում պառկած կլինեի:
-Երգ, որը երբեք չի մեռնի:
-Կոմիտասի բոլոր երգերը:
-Հասարակական կարծիքին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Երկակի եմ վերաբերվում: Եթե այդ կարծիքը ճիշտ է արտահայտվում, նորմալ եմ վերաբերվում, եթե ոչ, անտարբերությամբ եւ ծիծաղով:
-Ափսոսում եք, որ չեք հասցնում…
-Այնքա~ն բան կա, որ չեմ հասցնում եւ ափսոսում եմ: Մարդ իր ամբողջ կյանքն էլ ապրի, էլի ինչ-որ բան չի հասցնի անել: Բայց կա մի բան, որը չեմ արել ու ափսոսում եմ, պատճառը ոչ թե ժամանակի սղությունն է, այլ ֆինանսների: Սայաթ-Նովայի մասին ֆիլմ նկարահանելու մեծ ցանկություն ունեմ, բայց, ինչ արած… Ինչպես ասում են, տվեք ինձ հենման կետ, այս դեպքում՝ գումար, եւ ես կշրջեմ աշխարհը:
-Շարունակեք միտքը. «Եթե կյանքը որոշել է Ձեզնից երես թեքել…»
-Պարզապես բարեւ տուր նրան ու անցիր: Այսպիսի մի երգ կա. «Տեսա լավ մարդիկ, բարի աշխատանք, բարեւ տվի, անցա, գնացի…»: Մնացած էական չէ:
-Նրանց, ում Դուք դուր չեք գալիս…
-Խորհուրդ եմ տալիս փոխել հեռուստաալիքը:
-Միայն մի դեպքում քաղաքականություն մուտք կգործեք, եթե…
-Ես երբեւէ քաղաքականություն մուտք չեմ գործի, որովհետեւ արտիստն էմոցիոնալ մարդ է, իսկ քաղաքականության մեջ սառը դատողությամբ մարդիկ են պետք:
-Եվ վերջում՝ կյանքը կարելի է համարել հաջողված, եթե…
-Սիրում ես, եթե ապրել ես սերը` իր տարբեր դրսեւորումներով: Իսկ դա պարգեւ է, որն ի վերուստ է տրվում, եթե չունես, պետք է շատ տանջվես, որ արժանանաս այդ նվերին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԵՐԱՆԳԸ

Դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանի ներկայացումը կոչվում է «Ամեն ինչ լայվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները»: Մի քանի րոպեների ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ճամփորդելու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ամենահիշարժան դրվագներով եւ այդ ամենին նայել արդեն հեռվից: Դե, իսկ ծիծաղը դահլիճում ոչ մի վայրկյան չդադարեց:

Սցենարային ճկուն լուծումները, նմանակումները, երաժշտական համարները եւ Հայկին բնորոշ սուր, ինտելեկտուալ, ենթատեքստային հումորները ձանձրանալու առիթ չտվեցին: Բայց մտորել, այնուամենայնիվ, պետք է: Այն, որ սթենդ-ափ ներկայացման ընթացքում Հայկի «դուխը» բավական բարձր էր, դա հասկանալի է: Երկրում իրավիճակ է փոխվել, եւ նախկիններին քննադատելը դարձել է ավելի դյուրին: Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան, ԱԺ-ի 55 հոգի. նրանք արդեն, կարելի է ասել, «անցած էտապ են», եւ ծաղրելու համար խոչընդոտներ գրեթե չկան (թեեւ Հայկը միշտ է աչքի ընկել նախկին իշխանությանը ծաղրելու իր միտումով): Ամբողջ ներկայացման հիմքում ընկած էր այն գաղափարը, որ հեղափոխության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է: Անգամ մի պահ Հայկը հիշում է Մասիսը: Ասում է՝ նախկինում կար մի պահ, որ այն մեզ համար տեսանելի չէր, կարծես թե հոգիներս կուրացել էին, իսկ հիմա արդեն Մասիսն էլ տեսանելի է դարձել, քանի որ մարդկանց հոգիներն էլ փառավորվել են (ձեւակերպումը հեղինակինն է):
Եվ որքան էլ համաձայն լինենք Հայկի մի շարք շեշտադրումներին, չեմ կարող չնկատել, որ այս «դուխով» մոնո-ներկայացումը հեղափոխության ոչ բոլոր երանգներն էր արտացոլում: Ամբողջ ընթացքում ծաղրվում էին միայն Սերժ Սարգսյանն ու հանրապետականները: Այնինչ` արտիստը, որը որոշել է ծաղրել կամ սատիրայի դիմել, կամ հումոր անել, պետք է միայն մի կողմին չանդրադառնա: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմի անդամները հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո չեն արել մի բան, որը կարելի էր հումորային ներկայացման սցենարում ընդգրկել, դրանց վերաբերյալ հումոր անել: Անշուշտ, առիթները բազմաթիվ են եղել: Բայց դերասանը նախընտրել էր գնալ հեղափոխականների սրտով, եւ այնպիսի տպավորություն ունեմ, որ ուզեցել էր նրանց ոչ մի գնով չնեղացնել: Եթե չճանաչեինք Հայկի ազնիվ տեսակը, գուցե նույնիսկ մտածեի, որ մոնո-ներկայացումը պատվիրված է:
Ամբողջ ընթացքում մի քանի անգամ անդրադարձ կատարվեց միայն ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային գաղտնալսված խոսակցությանը: Բայց դա էլ արվեց հօգուտ գաղտնալսվածների: Եթե, օրինակ, ներկայացումը դիտեր Սերժ Սարգսյանը, նա իրեն մինչեւ վերջ ծաղրված կզգար, ապա հազիվ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ով, ի դեպ, դահլիճում էր, եւ ում Հայկը ողջունեց անձամբ, այդ զգացումն ունեցավ: Ընդհանուր տպավորություններն այսպիսին են. ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ բեմում, որտեղ այն արտացոլվում է, ունենք միատարրություն, միաբեւեռություն, կողմնակալ վերաբերմունք, սեւերի եւ սպիտակների բաժանում: Իսկ բեմն այն տեղն էր, որտեղ այդ բաժանումից կարելի էր գոնե խուսափել, բոլորին բերել, դնել նույն հարթության վրա ու հավասարապես ծաղրել, չէ՞ որ այս հեղափոխությունը նաեւ դրա համար էր: Այս հեղափոխությունը այն բանի համար էր, որ մենք ավելի ժողովրդավար լինենք, ավելի ազատ, ավելի անկաշկանդ: Չկաշկանդվել պետք է ոչ թե հին, այլ արդեն նոր իշխանությունից:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՈՒՆԻ
«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: Նրանց թվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը լիգայի գավաթի 3-րդ տուրի` «Բրենտֆորդ»-ի դեմ խաղին: Ակումբի բժշկական անձնակազմը շարունակում է հսկողության տակ պահել ֆուտբոլիստին ու գնահատել նրա վիճակը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը աջ սրունքի վնասվածք էր ստացել ԵԼ խմբային փուլի առաջին տուրի` «Վորսկլա»-ի հետ խաղում:
Վնասվածքի պատճառով նա արդեն մեկ խաղ բաց է թողել` ԱՊԼ-ի 6-րդ տուրի հանդիպումն «Էվերթոն»-ի հետ: Լիգայի գավաթի խաղը «Բրենտֆորդ»-ի հետ կկայանա սեպտեմբերի 26-ին:

 

 

ՌԱՄՈՍԸ ԵՐՋԱՆԻԿ Է
«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր թիմակից Լուկա Մոդրիչի հաղթանակը ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում: «Ես այնքան երջանիկ եմ, կարծես ինքս եմ արժանացել այդ մրցանակին: Մոդրիչն արժանի է դրան: Նա հիանալի ֆուտբոլիստ է եւ հանդիսանում է «Ռեալ»-ի պատմության կարեւորագույն մասնիկը: Լավ կլիներ, եթե Ռոնալդուն եւ Մեսսին ներկա լինեին մրցանակաբաշխությանը»,-ասել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ «Լիվերպուլ»-ի եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահն ու «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նախորդ մրցաշրջանում Մոդրչի ակումբակիցն էր: Այս տարի Մոդրիչը «Ռեալ»-ի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Խորվաթիայի հավաքականի հետ հասել է մինչեւ աշխարհի առաջնության եզրափակիչ:

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի հարձակվող Էդեն Ազարն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ: Կողմերն արդեն համաձայնության են հասել պայմանների վերաբերյալ: Ազարի գործող պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը, նորը կլինի մինչեւ 2022 թվականը: 27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնության վեց տուրում խփել է հինգ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:




Լրահոս