«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։ Իսկ ԸՕ նախագիծը կառավարության նախաձեռնությամբ ԱԺ կարող է ներկայացվել բազմակի անգամ։
«Մենք ունենք ժամկետի խնդիր․ եթե նախագիծն ԱԺ չբերվի այս հինգշաբթի կամ ուրբաթ, ապա ընտրությունների օրը ևս՝ Փաշինյանի արձանագրած դեկտեմբերի 9-ից կտեղափոխվի այլ օր։ Բայց մենք պատրաստ ենք նաև հին ԸՕ-ով ընտրությունների գնալ»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը։
ՀՀԿ-ն տրամադրված է դեմ քվեարկել նաև երկրորդ անգամ։ «Իսկ եթե որոշեն կրկին ժողովրդին պառլամենտի մոտ հավաքել, ապա դա ընտրությունների լեգիտիմության խնդիրը կառաջացնի, մանավանդ որ ԸՕ-ի շուրջ չկա նաև Վենետիկի պահանջած լայն կոնսենսուսը»։ Բայց նոր օրենսգիրքն անցկացնելու համար ընդամենը 7 ձայն է պակասում, ինչը, կարծում ենք, երկուշաբթի հրավիրվելիք նիստին կապահովեն։ Թեև դա ևս քաղաքական կոնսենսուսի խնդիրը չի լուծի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: