ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ հակամարտությունը ավելի քան երկու տասնյակ տարի է՝ շարունակվում է:
Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը: Սնանկացման եզրին հասած գործարարը հաշվել է, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել: «Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը:
Ըստ ՊԵԿ-ի` «Տարոն» ընկերության պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33 մլն 834 հազար 554 դրամ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն» ԲԲԸ-ի եւ վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են ընկերության հարկային գործում: Իսկ «Տարոն»-ի տնօրեն Հ. Իսախանյանը իր հերթին պնդում է, որ պետությանը պարտք չէ: Ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան մինչեւ 1992 թվականին մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել: Նշենք, որ այդ տարիներին պետությունը ձեռնարկությունը վաճառել է բաժնետերերին: Բայց «Տարոն» ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի խոսքերով` կառավարության վաճառքի պայմանագրերում պարտքի մասին խոսք անգամ չի եղել: Տնօրենը ամուր պահում է այդ փաստաթղթերը:
Ըստ Իսախանյանի` չնայած այն բանին, որ ֆաբրիկան գտնվում է կալանքի տակ, այն ամբողջովին պահպանվում է. «Անգամ մտցրել ենք տուրիստական երթուղու մեջ, որ ներդրող գտնենք: Խորհրդային միության տարիներից պահպանված ձեռնարկություն է, զբոսաշրջիկները գալիս են, նայում, հիանում»:
Հայկ Իսախանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ բաց նամակով դիմել է ՀՀ հատուկ քննչական, ազգային անվտանգության ծառայություններին, երեք նամակ էլ` վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Դեռ արձագանք չկա: «Հիմա մտածում եմ, որ մյուս բաժնետերերին հավաքեմ, եւ պաստառները ձեռքներիս գանք Երեւան, կառավարության շենքի առջեւ բողոքեմ: Անգամ օգնություն եմ խնդրել առաջին տիկնոջից`Աննա Հակոբյանից: Ստիպված: Բայց մարդիկ կարծես թե այլ գործով են զբաված»,- նկատեց Հ. Իսախանյանը:
Սյունէ Համբարձումյան