«ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻԲՐ ԼԵՍԲՈՒՀԻ ԵՄ, ԲԱՅՑ ՀԱՄ ԷԼ ԵՐԿՈՒ ՏՂԱ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը: Նա մաքսիմալ անկեղծ է գտնվել, խոսել է այն մասին, թե երբ են ծնվում լավագույն երգերը, ինչը կցանկանար իր բնավորության մեջ փոխել, որն է իր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը եւ այլն: Ջուսը խոստովանել է, որ սիրում է մենակություն, բայց չի հրաժարվում նաեւ ընկերների հետ սրճելուց:

-Ջո՛ւս, կյանքը սիրելու համար անհրաժեշտ է միայն…
-Ունենալ դրական լիցքեր եւ հավատ, որ ամեն բան լավ է լինելու:
-Ո՞ւմ հետ եք նախընտրում խմել մեկ գավաթ սուրճը:
-Ընկերներիս հետ: Առհասարակ, թեյի սիրահար եմ, բայց եթե ընկերներիս հետ եմ, նախընտրում եմ սուրճը:
-Հոգնածությունը թոթափելու համար ի՞նչ եք անում:
-Սարսափ կամ ֆանտաստիկ ֆիլմեր եմ դիտում, դրանք ինձ իսկապես հանգստացնում են:
-Առաջարկ, որը վախեցրել է Ձեզ:
-Օդապարիկով թռչելը, իսկապես, շատ եմ վախենում: Չեմ թռել, չեմ էլ թռչի: Նույնիսկ էկրանին նման տեսարաններ չեմ սիրում դիտել, ֆոբիա ունեմ բարձրությունից: Առհասարակ, շատ ֆոբիաներ ունեմ:
-Երբ զայրանում եք, դառնում եք…
-Ատոմային ռումբ:
-Կոմֆորմի՞ստ եք, թե՞ ոչ այնքան:
-Շատ: Օրինակ՝ վրանում մի օր էլ չեմ ապրի. առանց իմ շամպունի ու գելի կարող եմ խելագարվել:
-Ո՞վ կարող է դարձնել Ձեզ անկառավարելի:
-Ես ինքս:
-Երբեւէ զգացե՞լ եք, որ Դուք տվյալ մարդուն ավելի շատ եք պետք, քան ինքը Ձեզ:
-Շատ: Տղամարդ երկրպագուներիս ութսուն տոկոսի դեպքում այդ իրավիճակն է:
-Դուք չունեք թշնամի՞, մրցակի՞ց, թե՞ հակառակորդ:
-Ոչ ոք չգիտի՝ ինքը թշնամի ունի, թե ոչ, քանի որ թշնամիները թաքնվում են եւ հարվածում են մեջքից: Մրցակից չեմ կարծում, որ ունեմ, որովհետեւ այն ժանրը, որ ներկայացնում եմ, տարբերվում է Հայաստանում տարածում ունեցող ժանրերից: Թեպետ ասեմ, որ ուրախ կլինեի, եթե առողջ մրցակցության մեջ լինեի: Բայց, եթե, օրինակ, ինձ նմանակեն, դա հաստատ դուրս չի գա:
-Ձեզ միշտ հալածել են…
-Ոչ ոք ինձ չի հալածում՝ բացի ինձնից: Իհարկե, քննադատությունները շատ են, բայց ես կրիտիկա լսել չեմ սիրում: Ինքս գիտեմ՝ ինձ ինչ է պետք, ինչ ոչ, եւ հենց ես էլ կարող եմ դաժան քննադատության ենթարկել ինձ: Իսկ կողքիններին սովորաբար փորձում եմ ապացուցել, որ իրենք սխալվում են:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կցանկանայիք փոխել:
-Կուզենայի մի քիչ անտարբեր լինել, ամեն ինչը սրտիս մոտ չընդունել:
-Ե՞րբ եք Ձեզ գեղեցիկ զգում:
-Աշխատում եմ միշտ ինձ գեղեցիկ զգալ, որովհետեւ երբ այդ հոգեվիճակում եմ լինում, բոլորն են ինձ գեղեցիկ համարում: Երբ զարթնում եմ ու հավատում եմ, որ գեղեցիկ եմ, օրս հաջող է ընթանում:
-Շարունակե՛ք միտքը. «Երջանկությունը գնում է նրա մոտ, ով…»
-Նորից ու նորից հավատում է դրան, ով լի է դրական էմոցիաներով:
-Ձեր մասին լսած ամենահիմար բամբասանքը, որի վրա երկար ծիծաղել եք:
-Ասում են, թե իբր լեսբուհի եմ, բայց համ էլ երկու որդի ունեմ (ծիծաղում է): Բացի այդ՝ շատ մարդիկ կարծում են, թե ես Միացյալ Նահանգներում եմ ապրում, չգիտեմ՝ ինչու:
-Ձեր արտաքինի վրա ամենաշատը ի՞նչն է Ձեզ դուր գալիս:
-Իմ նոր քիթը՝ պլաստիկ վիրահատությունից հետո, նաեւ շրթունքներս, որոնք բնական են:
-Երբ հիասթափվում եք ամենամտերիմ մարդուց…
-Դա ահավոր է: Այլեւս երբեք չեմ կարողանում նրա հետ նախկին հարաբերությունները պահել:
-Ամենալավ երգերը ծնվում են այն ժամանակ, երբ…
-Իրենց ընդհանրապես չես սպասում: Սիրահարվելու նման բան է, երբեք չես կարող պլանավորել:
-Կա՞ մի մարդ, որին նեղացրել եք եւ կուզեք հիմա ներողություն խնդրել:
-Ոչ, սովորաբար ես չեմ նեղացնում: Եթե ինչ-որ բան ասում եմ, տեղին եմ ասում: Իսկ, առհասարակ, հարձակվող տեսակ չեմ: Բայց եթե ստիպում են, որ կռիվ անես, այլ ելք չի լինում:
-Ամենաշատը վախենում եք…
-Միջատներից, բարձրությունից, վերելակից, քարանձավներից, բայց ոչ մենակությունից: Այն անգամ դուր է գալիս ինձ:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Բոլորը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԵՍ ԱՖԵՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՆԵՐ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ»

«Սիրում եմ, որ մարդ մնում է իր էությանը, բնությանը հավատարիմ, սկզբունքային, որ պահում է իր տեսակը: Ես աֆերիստական բաներ չեմ սիրում, քծնել չեմ սիրում՝ կլինի դա շոու-բիզնեսի, թե քաղաքականության ոլորտում»,-Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը:

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ով ով է: Բացի այդ՝ նա ունի լավ թիմ, որոնք եւս իրեն կարող են հուշել՝ ինչն ինչոց է: Բայց մյուս կողմից էլ, եթե մարդիկ իրենց սխալը թեկուզ ուշ զգում են, դա էլ է ողջունելի: Գիտե՞ք՝ երբ ժողովուրդն է պահանջողը, այդ ձայնն արդեն անհնար է լռեցնել: Պահանջողները մեկը չեն, հարյուրը չեն, հազարը չեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Սոնա Շահգելդյանը՝ անդրադառնալով հանրապետական պատգամավորների՝ կուսակցությունը լքելու եւ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ հանդես գալու միտումին:
Նա խոստովանեց, որ անչափ համակրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ի տարբերություն շատերի, ոչ մեդալի, ոչ էլ այլ բանի ակնկալիք չունի. «Դա անշահախնդիր սեր է, ու թող ոչ ոք մտքով չանցկացնի, թե դա քծնանք է: Ուղղակի ես արդարության կողմից եմ եղել միշտ, եւ հիմա հույս ունեմ, որ մեր երկրում վերջապես հաստատվելու է այն»,-շեշտեց երգչուհին:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական ծրագրերից: Սոնան պատմեց, որ ունի մի քանի նոր երգ՝ մեկը՝ արտասահմանյան, մյուսը՝ հայկական՝ 6/8 չափի. «Երկրպագուներիս խոստանում եմ, որ շուտով կունենամ նաեւ նոր տեսահոլովակ»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե մի քանի կատակերգություններում հանդես եկած երգչուհին մտադիր չէ՞ արդյոք շարունակել նաեւ դերասանուհու կարիերան, Սոնան պատասխանեց. «Ֆիլմերում հանդես գալու առաջարկներ շատ եմ ստանում, բայց ոչ բոլորն եմ ընդունում: Նախ` ինձ պետք է դուր գա սցենարը, ասելիքը, իմ դերը: Ինչպես ամեն երգ չէ, որ երգում եմ, այնպես էլ ամեն ֆիլմում չէ, որ նկարահանվում եմ»,-եզրափակեց Սոնան:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՇՈՈՒ ՄԵՍԻԻ ՄԱՍԻՆ
«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտնել է Cirque du Soleil-ի հետ համագործակցություն սկսելու մասին: Կանադական ընկերությունը նոր շոու է պատրաստում 30-ամյա ֆուտբոլիստի կյանքի մասին: Cirque du Soleil-ի ներկայացումները պարունակում են թատրոնի, ակրոբատիկայի, կրկեսի ու պարարվեստի ժանրեր: Նոր շոուն կներկայացնի Մեսիի կյանքի այն հատվածը, երբ նա պատանի հասակում Արգենտինայի Ռոսարիո քաղաքից տեղափոխվել է Բարսելոնա եւ դարձել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ Է
Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ինստագրամում. «Ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի վրա»,-գրել է 29-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին, որոնք տեղի կունենան Երեւանում: Նախօրեին ազգային թիմը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ առաջին մարզումն էր անցկացրել Երեւանում:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԻ
«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին, հնարավոր է` կարիերան շարունակի Իտալիայում: 32-ամյա բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտեր»-ը: Միլանյան թիմը մտադիր է Կոմպանիի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կունենա: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը դադարեցրել է Կոմպանիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները: Մանչեսթերյան ակումբում մտադիր են վերսկսել բանակցությունները միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Կոմպանին, ով արդեն 10 տարի հանդես է գալիս «քաղաքայինների» կազմում, ցանկանում է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում եւ անգամ պատրաստ է աշխատավարձի նվազեցման: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը կոչ էր արել անպայման երկարաձգել Կոմպանիի հետ պայմանագիրը:




Լրահոս