Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, որտեղ հիմնական պայքարը ընթանալու է «Իմ քայլը» դաշինքի ու ԲՀԿ-ի միջեւ: «Իմ քայլը» դաշինքի կողմից 14 թեկնածու է առաջադրված մարզում, որոնք այս ընթացքում աջակիցներ են գտել: Օրինակ` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը սատարում է Նարեկ Մկրտչյանին, ով դասախոս է. նրանց ընտանիքին է պատկանում մարզում գտնվող «Լիաննա» հանդիսությունների սրահը: Մարզում առավել հայտնի է նրա հորեղբայրը, ում միջոցով էլ ձայներ են ապահովում Մկրտչյանի համար: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, սակայն, պաշտպանում է մեկ այլ թեկնածուի` Սիրաք Սարգսյանին:
Առաջադրված թեկնածուներից է Առաքել Միրզոյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մնացական Առաքելյանը, ում, ի դեպ, ըստ տարածված լուրերի, պաշտպանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Արմավիրի մարզում ուժեղ են նաեւ ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները, եւ Գագիկ Ծառուկյանի Արմավիր այցն ու իրավիճակը դա ապացուցեց: Այս ընտրատարածքով առաջադրված են Արայիկ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը, նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Սակայն ձայների մեծ մասն այս կուսակցությունը ստանալու է ՀՀԿ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Քաջիկի շնորհիվ: Արմավիրում հանրահավաքի բազմամարդության եւ ակտիվության մեջ եւս մեծ դերակատարում ուներ Նահապետ Գեւորգյանը, ով նաեւ անձամբ է ներկա եղել: Եվ որքան էլ հետհեղափոխական իրավիճակ է, սակայն Արմավիրի համայնքների ղեկավարները Նահապետ Գեւորգյանին խոստացել են աշխատել հենց իր որդու օգտին: Եվ եթե հաշվի առնենք, որ թեկնածուներ ունեն նաեւ ներկայիս մարզպետն ու Արմավիրի քաղաքապետը, ապա իրավմամբ այս մարզում թեժ պայքար է: