Շատ խոսացողների խոսացածի կեսը մարդիկ չեն լսում կամ լուրջ չեն վերաբերվում. ՔՈ ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանն անդրադարձել է քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին՝ մեկնաբանելով իրեն հասցեագրված քննադատությունները։

«Քանի որ մեր կուսակցության հիմնական ընտրողը մեծ հավանականությամբ գրանցված ա նաեւ ՖԲ-ում, ուստի հարկ եմ համարում պատասխանել երեկվա բանավեճի հետ կապված նրանց կողմից հնչեցված մի քանի խումբ քննադատությունների։ Կարող եք սա ընդունել նաեւ որպես հանրային հաշվետվություն։

Քրտնելու մասին․Վերջին օրերին ես վատառողջ էի եւ թե՛ դեկտեմբերի 2-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, թե երեկվա բանավեճին գնացել էի բարձր ջերմությամբ, բայց նախօրոք ջերմիջեցնող դեղ էի օգտագործել, որ ընթացքում լարվածությունից այն ավելի չբարձրանա։ Ինքս անկարող եմ հաշվարկել, թե երբ կազդի դեղը… մեկ 20 րոպեից ա ազդում, մեկ՝ մի ժամից։ Բացի դա, ստուդիայում վառվող լույսերից բավականին շոգ էր, զարմանում եմ, թե մյուսները ոնց էին դիմանում փողկապներով։

Հռետորական տաղանդի մասին․Ինձ ճանաչողները կվկայեն, որ առօրյա շփման մեջ խոսքի խնդիր չունեմ։ Միակ խնդիրը ցածր ձայնն ա, որը համարյա երբեք չեմ բարձրացնում։ Երբ ինձ թվում ա, թե գոռում եմ, մարդիկ ասում են, որ սկսեցի նորմալ խոսել ։) Բայց ես ուշադրության կենտրոնում լինել չեմ սիրում ու դրա համար մեծ հոգեբանական խնդիր ա, երբ բոլոր տեսախցիկներն ու բոլորի ուշադրությունը կենտրոնանում ա իմ վրա։ Գուցե հենց դա ա նաեւ պատճառը, որ լայն հանրության մոտ իմ այս կամ այն նախաձեռնությանը մասնակցության եւ դրա չափի մասին քիչ տեղեկություն կա։ Բայց դա հաղթահարելի խնդիր ա, որը վստահ եմ, կարծ ժամկետում կհաղթահարեմ։ Ներողություն, եթե դրա պատճառով որեւէ մեկի հույսերը չեմ արդարացրել։

Բուն բանավեճի մասին․Քարոզարշավի 10 թանկ օրերից վերջին 7-ը ես բոլոր հարցազրույցներում պնդում եմ բովանդակային բանավեճերի անհրաժեշտության մասին եւ մենք հենց այդպես էինք պատկերացնում հետհեղափոխական առաջին նորմալ ընտրությունները։ Փոխարենը մենք ստացանք վիճակ, երբ ամբողջ տեղեկատվական դաշտը հեղեղված էր երկու ուժերի փոխադարձ վիրավորանքներով եւ մեդիա դաշտին առանձնապես չէին էլ հետաքրքրում այլ բաներ։ Ըստ էության, մեզ ծրագրերով ճանաչելի դարձնելու մեր ենթապլանը ձախողվեց։ Պարզվեց՝ ծրագրերը շատ քիչ մարդկանց ա հետաքրքիր։ Ու դրանից հետո մեզ հրավիրում են Հանրային հեռուստատեսություն, հնարավորություն տալիս մի րոպե հարց տալ, 2 րոպե պատասխանել եւ 5 րոպե 11 հոգով քննարկել։ Ու դրա անունը դնում են ԲԱՆԱՎԵՃ։ Էս ֆորմատով ես մեր որեւէ ծրագրի նախաբանը իսկի չեմ կարող ներկայացնել, ինչ մնաց ծրագրի շուրջ բանավեճ ծավալվի։ Ես ընդհանրապես որոշել էի բաց թողնել էդ փուլը եւ ընտրողների հետ շփման համար օգտագործել բացառապես ինձ հատկացված եթերաժամանակը։ Բայց ընթացքում (բանավեճի կեսից) չկարողացա չմիջամտել Սահմանադրության հետ կապված հարցին եւ երբ հերթը ինձ հասավ, նաեւ հարց ուղղել։

Լռության մասին․հարգելի-սիրելիներ, ես օգտագործել եմ բացառապես ինձ տրամադրված ամբողջ ժամանակը։ Ավելին՝ ժամանակի սղության պատճառով բաց եմ թողել բավականին էական մասեր թե՛ բացման խոսքում, թե՛ վերջնական ուղերձում, թե՛ բոլոր մասնակիցներին ուղղված հարցերի պատասխաններում։ Գուցե դուք կուզեիք, որ ես էլ, մյուսների նման ընդհատեմ մրցակիցներին, սարկաստիկ ռեպլիկներ անեմ նրանց հասցեին, վիրավորեմ, ինչը էսթետիկ առումով գուցե ավելի մեծ հաճույք պատճառեր։ Շատ լավ, բայց ես մի այլ հանձնառություն եմ վերցրել՝ որ առաջիկա տարիներին կգտնեմ մի ձեւ, որ բովանդակային բանավեճերի անցկացման համար այնպիսի հանրային պահանջ ձեւավորվի, որ մյուս ուժերը գան մեր դաշտ, ոչ թե դուք ունենաք մի պոպուլիստ, անքաղաքավարի, անպոչ գդալի պես իրեն մեջ գցող հերթական թեկնածու։ Վստահ եմ, էս մոտեցումը եթե նույնիսկ հիմա դուր չգա, հետագայում այն նորմա կհամարվի եւ չի ողջունվի էսօրվա ֆորմատը։ Մի էական հանգամանք էլ կա։ Սովորաբար շատ խոսացողների խոսացածի կեսը մարդիկ չեն լսում կամ լուրջ չեն վերաբերվում։ Փոխարենը երբ մարդ եզակի անգամ խոսելու հնարավորություն ա խնդրում, բոլորը ուշադրությունը կենտրոնացնում են՝ լսելու ու հասկանալու, թե մարդ ինչ ա ասում։ Եվ ես դա զգացի երեկ, ինչը, անկեղծ ասած, ինձ չափազանց կաշկանդում էր վերոնշյալ պատճառով։

Այնուամենայնիվ, շնորհակալություն քննադատության համար։ Շարունակե՛ք նույն ոճով ։)

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեծամասնություն կազմող դրական մեկնաբանությունների համար։ Այնտեղ հիմնականում նշվում ա ազնվությունը ու, այո՛, ես չեմ կարողանում կեղծ տեքստեր գրել ու արտասանել։ Ազնվությունն ու անկեղծությունը նույնքան անհրաժեշտ են մեր քաղաքականությանը, որքան թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Շնորհակալություն»։




Լրահոս