Դեբեդավանի միջնակարգ դպրոցում խմորումները նոր ընթացք են ստանում. արձագանքում է Տավուշի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշխատակազմի և տնօրենի միջև ծագած խնդիրները դեռ լուծում չեն ստացել: Նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը գրառում էր կատարել դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ և դիմել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին:

«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին այն մասին, թե ինչ հաշվեհարդար է տեսնում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի գործող տնօրենն այն մարդկանց հետ, ովքեր բացահայտել են նրա կեղծիքներն ու հակամանկավարժական գործունեությունը: Իհարկե, տեղյակ եք ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրությամբ պարզված օրինազանցությունների մասին ու, մասնավորապես, այն մասին, որ տնօրենն իր տղային ուսուցչի օգնական է ձևակերպել, հարսին՝ պահակ, բայց նրանք առանց աշխատելու աշխատավարձ են ստանում, իսկ դուք դեռևս ոչ մի քայլ չեք արել այդ տնօրենին սանձելու կամ նրան անվստահություն հայտնելու ուղղությամբ, դուք եք, չէ՞, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց: Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, ով նշեց, որ խնդրի մասին վաղուց է տեղյակ և արդեն տևական ժամանակ է աշխատանք է տարվում թե դպրոցի տնօրենի, թե աշխատակազմի հետ:

«Մենք միշտ կապի մեջ ենք եղել բոլոր կողմերի հետ, միշտ բաց ենք քննարկելու, աշխատելու համար: Ես, երբ մարզպետ եմ նշանակվել, խնդիրը ինձ ներկայացվել է: Տեղյակ եմ, որ պետք է մրցույթ հայտարարվեր նոր տնօրեն ընտրելու համար, սակայն մի քանի անգամ հայտարարված մրցույթը չի կայացել: Միակ թեկնածուն եղել է գործող տնօրենը, ով ցանկանում էր նորից մրցույթին մասնակցեր, իսկ մարզպետարանի կողմից ներկայացված խորհրդի անդամները չէին ներկայանում մրցույթին, հետևաբար այն չէր կայանում: Խնդիրը հարթել եմ, խորհրդի անդամներին հանձնարարել եմ ներկայանալ մրցույթին և պատշաճ կարգով հիմնավորված որոշում ներկայացնել: Կրկնում եմ, մեկ հոգի է մասնակցել, այլ թեկնածու չի եղել»,- ասաց Վահե Ղալումյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս