ՊՆ-ԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՀԵՌՈՒ ՄՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի է ահագնանում վտանգը այն առնչությամբ, որ հնարավոր է` պետական մարմինները խառնվեն խորհրդարանական ընտրություններին եւ փորձեն ներազդել ընտրողների կամքի վրա: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունում այս օրերին կոնկրետ հրահանգներ են իջեցվել, որպեսզի հրամանատարները, նրանց տեղակալները ընտրություններին ընտրատեղամաս ներկայանան քաղաքացիական հագուստով եւ զերծ մնան քաղաքական գործընթացներից:

Ինչպես հայտնի է, նախկին բոլոր ընտրությունների ժամանակ զինծառայողները ուղղորդված քվեարկել են իշխանական ուժի օգտին, եւ այդ վատ ավանդույթը փոխելու, նման երեւույթները կանխելու համար այժմ կոնկրետ քայլեր են իրականացվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղիղ հրահանգով: Զորամասի հրամանատարներին իջեցված ներքին հրահանգից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը կոնկրետ հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը ընտրությունների օրը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին, լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում:
Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսքանով հատուկ հրահանգների շարքը չի ավարտվում: Ինչպես հայտնի է, Գորիսում նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ: Մասնավորապես, զորավարժությունից վերադառնալիս Կամազ մեքենան վթարի ենթարկվեց, որի հետեւանքով ունեցանք 4 զոհ: Այդ օրերին ՊՆ ղեկավար կազմը զորամասի հրամանատարներին հրահանգ է իջեցրել, ասել` հաշվի առնելով ողբերգական վթարը` պետք է առավել զգույշ լինեն, մասնավորապես, եթե դեկտեմբերի 9-ի ընտրությունների օրը եղանակային պայմանները լավ չլինեն, կամ ճանապարհների հետ կապված խնդիրներ լինեն, ապա թույլ չտան որեւէ մեքենա զորամասերից դուրս գա: Եթե այս հրահանգը անտեսվի, ապա հետագա դեպքերի համար պատասխանատվությունը կկրի զորամասի հրամանատարական կազմը:
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս նոյեմբերի 20-ին գրել էր, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել է ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգներ է տվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ Բալայանը հրահանգել է, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, այդ գործընթացը պետք է իրականացնել քաղաքացիական հագուստով:
Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր տեղեկությունը` նշելով. «Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով` բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ նաեւ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:
Ավելին` այս հրահանգից հետո զորամասի զինվորներին ասել են` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության. որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է ներդրումային հերթական ծրագրերը: Գործադիրը բավարարել է ««Ռադ Սան» Վաշամիր գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզում: Արդեն իսկ կատարվել է 2 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է եւս 8 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 120 նոր աշխատատեղ` 150 000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզպետարանն արձագանքել է վերջերս Արեւիկում տեղի ունեցած դեպքին: «Արեւիկի միջնակարգ դպրոցում 27.11.2018 թվականին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին եւ փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների եւ ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք եւ վիրահատվել, իսկ Սյուզի Թադեւոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն: Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

 

 

4.000.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ: ՀՀ ոստիկանության տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ 2016թ. համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս եւ ձկնաբուծարան` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս: Հարուցվել է քրգործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԵՏՔՈՎ
Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձել է քննարկման առիթ դարձած հայտարարությանը: Նա Լոռու մարզում ասել էր. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ծառայում է Ղարաբաղում»: «Ես այս շարքում նկատի եմ ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ինձ: Ես վերնագրեր տեսա, որ Ռոբերտ Քոչարյանի տղաներն էլ են ծառայել: Սերժ Սարգսյանը տղաներ չունի, եւ եթե չեմ սխալվում, Լեւոն Տեր-Պետրոսյանի տղան ծառայել է Շամշադինում: Չհասկացա նաեւ այն, որ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներն էլ էին արձագանքել: Ես վերջին օրերին չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը: Չեմ հասկանում` ինչու են փորձում որեւէ ձեւով խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տան ՀՀ-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավին: Ես այս մասով հարցեր ունեմ եւ այն կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ»,- հարթակից հայտարարել է Փաշինյանը: Նա հավելել է. «Ասում են` վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռ. Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք ծառայել են Երեւանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում: Եթե որեւէ մեկը իմ ասածը կասկածի տակ դնի, փաստերով կապացուցեմ, փաստաթուղթը հեռախոսիս մեջ է»,-ասել է նա:

 

 

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Հայաստանում խորհրդայնացման օրը` նոյեմբերի 29-ին, միջադեպեր են տեղի ունեցել: Հայաստանի կոմունիստները ստիպված էին բանվոր-գյուղացիական Կարմիր բանակի զոհված մարտիկների պատիվն ու հիշատակը Երեւանի փողոցներում կռվով պաշտպանել: Ըստ ավանդույթի` մոտ 50 կոմունիստներ որոշել էին նշել Խորհրդայնացման օրը` 98-ամյակը: Այդ նշանավոր օրվա առիթով նրանք որոշել էին ծաղիկներ դնել Բաքվի կոմունայի նախագահի` Լենինի զինակցի` Ստեփան Շահումյանի հուշարձանին: Սակայն հիշատակի միջոցառումները խաթարվել են եվրոպական ինտեգրացիայի մասնակիցների կողմնակիցների հետ կռվով: Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները պաստառներով էին, որոնք կոչ էին անում հանրապետության տարածքից հանել 102-րդ ռազմական բազան: Պաստառներին նշված է եղել, որ Կարմիր բանակը «ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Հայաստանը»: Սա կոմունիստների զայրույթն է առաջացրել: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ ոստիկանության աշխատակիցները ստիպված էին միջամտել:

 

 

2.575.939 ԸՆՏՐՈՂ
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: «Քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:




Լրահոս