Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գները վերջին ամիսներին թռիչքային ձեւով բարձրանում են: Միայն Երեւանի փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն պաշտոնապես սկսում է 1170 դոլարից: Օրինակ` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն անցած տարվա դեկտեմբերին կազմել է 569 հազար դրամ, իսկ այս տարվա հունվարին այն վաճառվել է 572 հազար դրամով: Մեկ ամսվա ընթացքում այն բարձրացել է 3000 դրամով:
Երեւանի մյուս` Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամասերից մեկը, բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 2000 դրամով: Այս վարչական շրջանում եթե անցած տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն առաջարկվել է 388 հազար դրամով, ապա այս հունվարին այն արդեն 390 հազար դրամ է եղել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս մեկ ամսվա ընթացքում թանկացումներ են արձանագրվել` 2300 դրամի չափով. այստեղ անցած տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 286 հազար 200 դրամով, իսկ մեկ ամիս անց` հունվարին` 288 հազար 500 դրամ:
Փոխարենը բնակարանների գները նվազել են Նոր Նորքում` 2000 դրամով. 2018-ի դեկտեմբերին` 250 հազար դրամ, իսկ 2018-ի հունվարին` 248 հազար դրամ: Բնակարանների էժանացում նկատվել է նաեւ Էրեբունիում: Իսկ Ավանում բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 500 դրամով, Շենգավիթում եւ Աջափնյակում` 1600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 950-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Նուբարաշենում բնակարանի մեկ քմ-ն էժանացել է 1600 դրամով, իսկ Դավիթաշենում բնակարանների գները պահպանել են նախորդ ամսվա գների մակարդակը:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մարզերում միանգամայն ուրիշ պատկեր է. օրինակ` Արգածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում բնակարանների մեկ քմ-ն էժանացել է: Նույն պատկերն է նաեւ Արտաշատում, Մասիսում, Վեդիում:
Իսկ, ահա, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում` Էջմիածնում, բնակարանի մեկ քմ-ն անցած տարվա դեկտեմբերին կազմել է 128 հազար 100 դրամ, հունվարին` 130 հազար 100 դրամ: Գեղարքունիքի Սեւանում եւս բնակարանները թանկացել են, Վանաձորում, Ստեփանավանում էժանացել են, Ալավերդիում անփոփոխ են մնացել:
Ըստ մասնագետների` բնակարանների գների բարձրացումը պայմանավորված է գնորդների թվի աճով: Արտերկրում բնակվող քաղաքացիները կարողանում են իրենց թույլ տալ Փոքր կենտրոնում բնակարաններ գնել: Կան նաեւ մարդիկ, որոնք մտածում են, որ բնակարանները դեռ կթանկանան, հիմա են այն գնում:
Բացի այս, թանկացման վրա ազդեցություն է թողել նաեւ բնակարանների թանկացման վերաբերյալ «արհեստական տեղեկությունները», ինչի պատճառով շատերը իրենց բնակարանները հանել են վաճառքի: Բայց իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ շուկայում առաջարկի մեծացմանը զուգահեռ նվազեն գները:
Սյունէ Համբարձումյան