Ինչու է դատարանի նախագահը դիմել 6-րդ վարչություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլը հրապարակեց այն մասին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել է այն մասին, թե, իբր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը միջամտում է ՀՀ վերաքննիչ դատարանի գործունեությանը։ Արդյունքում Վարդազարյանը դիմել է 6-րդ վարչություն, որպեսզի իրավապահները պարզեն, թե ով է այն անձը, որ նման բան է հրապարակել, եւ նման բան եղել է, թե ոչ ։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը այս քայլին գնացել է` դատական համակարգում տիրող իրավիճակից ելնելով, քանի որ այդ տեղեկությունների հրապարակումից հետո դատական համակարգում սկսել են խոսակցություններ պտտվել, թե արդյոք իրականություն է այդ ամենը, թե ոչ։ Դատարանի նախագահը իր ծանոթ-անծանոթ գործընկերներին ասել է, որ նման բան չկա, սակայն ոչ բոլորն են հավատացել, ուստի Վարդազարյանն էլ դիմել է իրավապահներին։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ ցանկացավ զրուցել Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց` նշելով, որ նյութեր են նախապատրաստվում, ուստի այս փուլում որեւէ բան ասել չի կարող։




Լրահոս