Ամիսներ առաջ Հայաստանում կայացավ Mix Fight 40 մրցաշարը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ մրցաշարի կազմակերպիչները փորձեն եւս մեկ մրցաշար անցկացնել Հայաստանում: Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Mix Fight 42-ը նույնպես կկայանա Հայաստանում:
Կայանալիք մրցաշարի նախապատրաստական աշխատանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Mix Fight-ի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, բա՞րդ են արդյոք:
-Քանի որ աշխատանքները շատ են, արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: Մրցաշարը կկայանա Մարզահամերգային համալիրում: Բարդությունները այդքան էլ շատ չեն, որովհետեւ արդեն մեկ անգամ կազմակերպել ենք եւ գիտենք բոլոր բացերը, պատրաստվում ենք լրացնել դրանք: Հավաստիացնում եմ, որ այս մրցաշարը ավելի խոշոր եւ ավելի լավն է լինելու, քան անցածը: Մենամարտեր կայանալու են Մուայթայ, Կ1, ՄՄԱ ձեւերով: Համագործակցում ենք նոր կազմակերպությունների հետ եւ վստահ ենք, որ այս մեկը երկու անգամ հզոր շոու է լինելու:
-Նոր անակնկալներ լինելո՞ւ են այս մրցաշարում:
-Այո, իհարկե, անակնկալներ լինելու են, բայց չեմ ասի, թե ինչ անակնկալներ, որ դրանք չկորցնեն իրենց իմաստը: Կասեմ միայն, որ մեծ շոու է լինելու, իսկ մնացածի մասին խոսել չեմ կարող: Հրավիրելու ենք նաեւ նոր պռոմոութերներ այն նպատակով, որ հետագայում Հայաստանում նորից կազմակերպվեն խոշոր մրցաշարեր:
-Լինելո՞ւ են նոր մենամարտողներ, թե՞ պահպանվելու է անցած մրցաշարի կազմը:
-Կարելի է ասել, որ անցած կազմից մենամարտողներից լինելու են քչերը: Կազմը թարմացվելու է, լինելու են նոր մարտիկներ աշխարհի տարբեր երկրներից: Կարծում եմ` Հայաստանում կտեսնենք շատ հզոր մարզիկների:
-Հայաստանի ներկայացուցիչները մոտավոր քանի՞սն են լինելու:
-Դա դեռ պարզ չէ, բայց ամենաքիչը յոթ ներկայացուցիչ կունենա Հայաստանը: Դեռ շատ ժամանակ կա եւ հստակ մենամարտողների կազմը պարզ չէ: Mix Fight 42 մրցաշարը կկայանա հուլիսի 6-ին:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը