Գյուղապետերն արտագաղթել են․ նրանցից մեկի գտնվելու վայրն անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն գյուղերում հունիսի 9-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Նշենք, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Պարզվում է`Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանն էլ է Հայաստանից մեկնել արտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր մարտի 5-ին:

Արթուր Մանուկյանը 10 տարի ղեկավարել է Վարդանաշեն համայնքը: Ի դեպ, նախորդ տարվա վերջին ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանի գործելաոճից գյուղի բնակիչները դժգոհում էին, իսկ գյուղում լարված վիճակ էր ստեղծվել:Եւ Արթուր Մանուկյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին էր իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել համայնքի ավագանուն.այն բավարարվել էր:

Բայց փետրվարի 17-ին այս համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ. առաջադրված թեկնածուներից է եղել նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած Արթուր Մանուկյանը, որը, հավաքելով բավարար ձայներ, վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Վարդաշենցիների պատմելով` Արթուր Մանուկյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հարազատներն այդ մասին չեն խոսում: Պատմում են, որ կինն առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ երկրից դուրս են գնացել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս