2019թ․ հունիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, 2018թ. նոյեմբերի 23-ին Տավուշի մարզպետ (այժմ` նախկին) Վահե Ղալումյանը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ 38161818 քրեական գործով կայացրած որոշումը, Ազատամուտ համայնքի ղեկավարի տեղակալի 2018թ. նոյեմբերի 12-ի դիմումը եւ Ազատամուտի առողջության պահպանման առաջնային կենտրոնի կողմից տրված անաշխատունակության թերթիկը, որոշել է Վահագն Ալավերդյանին 2018թ. նոյեմբերի 23-ից մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Վահագն Ալավերդյանը ղեկավարում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով սահմանամերձ այդ գյուղում 2018 թվականին անցկացված հանրահավաքները: Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություներում առայժմ թեկնածուներ չեն առաջադրվել, համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է մայիսի 19-ը: