«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Գագիկ Մադոյանն է: Նա անդրադարձել է իր բնավորությանը հատուկ գծերին՝ խոստովանելով, որ անուղղելի ռոմանտիկ է, եւ դա օգնում է իրեն հարաբերություններում: Դերասանը նկատել է, որ կարողանում է ինքն իր հետ «համագործակցել», համոզել, որ ամեն բան կարգին է, ու շարժվել առաջ: Նա նշել է, թե ինչպիսին է պատկերացնում ինքն իրեն տասը տարի անց՝ լճի ափին, վրանի մեջ: Գագիկը խոսել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող բամբասանքի մասին եւ պատմել ողջ իրականությունը:
-Գագի՛կ, կյանքը գունավորելու համար Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ:
-Համապատասխան մթնոլորտ, կոմֆորտ:
-Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:
-Ոչինչ:
-Դպրոցական տարիների Ձեր մականունը ո՞րն է եղել:
-Չեմ ունեցել մականուն:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:
-Անցյալի, բայց կարիք չկա դրա մասին խոսել:
-Ձեր մասին ի՞նչ բամբասանքեր են հասել Ձեր ականջին:
-Ասում են, թե, իբր, երկրորդ անգամ եմ ամուսնացել, բայց չկա նման բան. այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
-Իսկ Ձեր կողքին հիմա կին կա՞:
-Ո՛չ հերքում եմ, ո՛չ էլ հաստատում:
-Ձեզ համար ո՞րն է բոլոր ժամանակների լավագույն վեպը:
-Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ»:
-Ինչպե՞ս եք ներդաշնակություն գտնում, ո՞րն է դրա լավագույն ձեւը:
-Համագործակցում եմ ինքս ինձ հետ (ծիծաղում է): Ասեմ, որ ստացվում է: Ինքս ինձ կարող եմ համոզել, որ ամեն ինչ նորմալ է, եւ առաջ շարժվեմ:
-Կենդանակերպի ո՞ր նշանն է Ձերը:
-Կշեռք եմ:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ տասը տարի անց:
-Եռանդով լի, ակտիվ կյանքով ապրող տղամարդ: Ինձ պատկերացնում եմ լճի ափին, վրանի մեջ ինչ-որ մեկի հետ: Բնություն շատ եմ սիրում:
-Հագուստի ընտրության հարցում շա՞տ եք դժվարանում:
-Ինձ համար գրեթե անհնար է հագուստ ընտրելը: Գունային գամմաների առումով դժվարությամբ եմ կողմնորոշվում: Հիմնականում նախընտրում եմ կապույտի երանգները:
-Ձեր տրամադրության գույնն է կապույտը, այո՞:
-Այո, եթե նույնիսկ տխրում եմ, միեւնույնն է, երջանիկ եմ:
-Ո՞ր երգչին կարող եք անընդմեջ լսել: Մեկ հոգու անուն տվեք:
-Սթիվի Ուանդեր:
-Ավելի շատ թերագնահատո՞ւմ, թե՞ գերագնահատում եք Ձեր կարողությունները:
-Ես, ընդհանրապես, ինձ չեմ գերագնահատում, բայց չեմ էլ թերագնահատում: Կարող եմ ինքս ինձ քննադատաբար վերաբերվել, ռեալ նայել իրողություններին: Եվ, իհարկե, սիրում եմ ինքս ինձ հետ հումոր անել: Ոչ մի բանից չեմ ամաչում, չեմ քաշվում: Ես մարդ եմ, որն ունի թերություններ եւ իրավունք ունի սխալվելու:
-Աշխատանքի հարցում ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
-Սերը այդ աշխատանքի նկատմամբ:
-Ռոմանտի՞կ եք, թե՞ ռեալիստ:
-Անուղղելի ռոմանտիկ եմ, երազող: Դա ինձ միշտ օգնում է: Երազանքի ճանապարհին շատ ձեռքբերումներ եմ ունենում:
-Ինքներդ Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք երեք բառով:
-Բարի, նվիրվող, չարաճճի: Մի բան էլ պետք է ասեմ, ոչ հակիրճ ձեւակերպմամբ. եթե ինչ-որ մեկին չեմ սիրում, չեմ կարողանում թաքցնել դա:
-Հակառակ սեռը գնահատում է Ձեր…
-Նրբանկատությունը, ինտելեկտը: Ես գիտեմ՝ ինչպես կարելի է վարվել կանանց հետ: Նրանց դեպքում խորամանկություն չեմ բանեցնում: Եվ, առհասարակ, ես խորամանկ մարդ չեմ:
-Ձեզ համար անփոխարինելի մարդիկ կա՞ն:
-Եթե մեկին սիրում եմ, նա անփոխարինելի է ինձ համար: Նա երբեք չի զգա, թե ինչ բան է դավաճանությունը:
-Ումի՞ց կցանկանայիք ներողություն խնդրել:
-Միշտ ներողություն եմ խնդրում Աստծուց, ուզում եմ, որ ների մեղքերս, որոնք գործում եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Ինձ թվում է՝ բոլորն էլ խորը հարցեր էին:
Աննա Բաբաջանյան