Դեռեւս մայիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն էր ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն իր ելույթներում նշել է, որ բիզնեսմեն է, ինչն արգելվում ՀՀ Սահմանադրությամբ:
Ա. Միրզոյանը նշել էր. «Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը. ինձ ուղղվել է առաջարկ` Ազգային ժողովում ձեւավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով»։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ` պարզելու համար, թե արդյոք խմբակցությունում որոշում կա` հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի քննարկման հետ կապված:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
-Պարո՛ն Մեխակյան, ի՞նչ դիրքորոշում ունեք ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծման հետ կապված, արդյոք հնարավոր կլինի՞ հանձնաժողովի միջոցով «պատժել» այն պատգամավորներին, որոնք կանոնակարգ կխախտեն:
-Ես, իհարկե, կողմ եմ, բայց դա պետք է չլինի, այսպես ասած, տրամադրության կամ պահի ազդեցության տակ, այլ դա պետք է լինի հիմնավոր, եւ հնարավորինս հանձնաժողովում ներգրավված լինեն բոլոր ֆրակցիաների պատգամավորները: Ես կարծում եմ, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ արդյունք: Պետք է ներկայացվածություն լինի բոլոր խմբակցություններից, պետք է լինի հիմնավոր: Մենք պետք է հանձնաժողովում ունենանք բազմակողմանի տեսակետ, ու դա լինի հավասարակշռված:
-Ընդդիմադիրների կարծիքով` այն կարող է ընդամենը «պատժիչ» գործիք լինել իշխանությունների ձեռքում:
-Իրականում էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է նրա համար, որ այն լինի զսպող մեխանիզմ որեւէ երեւույթի դեմ, ու եթե դրա կարիքը կա, կարծում եմ` պետք է ունենալ նման հանձնաժողով:
-Իսկ դա կարո՞ղ է վերաբերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` գործարար լինելու հանգամանքին:
-Մենք ֆրակցիայում նման հարց չենք քննարկել, մեր խմբակցությունում նման օրակարգ չկա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ