Ատոմ Ջանջուղազյանի հետաքրքիր հայտարարությունը. ինչու իրենք էլ գոհ չեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսական աճի կառուցվածքի մասին խոսելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հետաքրքիր հայտարարություն է արել. նա ասել է, թե ՀՀ-ում 2018թ. համար կանխատեսվել է 4.5 տոկոս աճ, սակայն արձանագրվել է ավելի շատ` 5.2 տոկոս: Միաժամանակ նախարարը հավելել է, որ այս ցուցանիշը չի գոհացնում:

«Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6 տոկոսով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5 տոկոս,-ասել է Ջանջուղազյանը` ընդգծելով,- եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք եւ որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետեւ այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Անցած ոլորտների հետ կապված մեր սպասումները չենք կարող նշել որպես ցանկալի արձանագրում: Սա մեզ հուշում է, որ հայտարարած նպատակները, որոնք կառավարության ծրագրում գրանցվել են՝ այլընտրանք չունեն: Մենք պետք է ջանք գործադրենք, որ կառուցվածքը տնտեսության փոխվի, բայց ավաղ ունենք 18-ի համար այն, ինչ ունենք»:

Հետաքրքիրն այն է, որ նախկին իշխանությունների օրոք եւս տնտեսական աճի կառուցվածքում ահռելի դերակատարություն է ունեցել ծառայությունների ոլորտը: Բայց նախկին իշխանությունները բացահայտ չէին խոստովանում այդ մասին, չէին փորձում փոխել տնտեսության կառուցվածքը, չէին փորձում ավելի կենսունակ դարձնել: Ընդհակառակը, թվաբանական մանիպուլյացիաների միջոցով աչքակապությամբ էին զբաղված` միաժամանակ թողնելով, որ իրավիճակը շարունակի ինքնահոսով ընթանալ:

Հիմա այդպես չէ. ֆինանսների նախարարը հստակ արձանագրում է ստեղծված իրավիճակը, արձանագրում, որ տնտեսական աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը` միաժամանակ նշելով, որ սա ցանկալի չէ, եւ պետք է ջանք գործադրել տնտեսության կառուցվածքը փոխելու մասին: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե իշխանությունները քաղաքական կամք են դրսեւորում` ախտորոշելու խնդիրները, նշանակում է` կարող են եւ դրանք լուծել:

Իսկ լուծել հարկավոր է տնտեսության կառուցվածքը փոփոխելու միջոցով, ինչի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում:




Լրահոս