ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ԱԺ-ում խոսելով նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին, ասաց` 2018-ը. «Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի էր, եւ խիստ կասկածում եմ, որ նման բան որեւէ այլ երկրում տեղի ունեցած լինի»:
Այնուհետեւ շարունակելով միտքը` նա թվարկեց այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին. «Նախագահի ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի արտահերթ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգին»:
Ու թվում էր, թե այս բոլոր գործոնները պետք է ցնցեին երկրի տնտեսությունը, եւ բազում ձախողումներ արձանագրվեին: Սակայն իրականում, ինչպես վարչապետը նշեց, մակրոտնտեսական 5,2 տոկոս տնտեսական աճ ունենք, պետբյուջեն 2018 թվով չկատարված պարտավորություն չունի:
Եւ, որպես գնահատական, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունն իր աշխատանքը փայլուն է կատարել»:
Իհարկե, գնահատականը բացարձակ է եւ, բնականաբար, բազում քննադատությունների առիթ կդառնա առաջիկայում` սկսած այն տեքստերից, որ չպետք է այդքան ինքնագոհ լինել, քանի որ ձախողումներ կան գրեթե բոլոր ոլորտներում: Քննադատություն կլինի նաեւ այն մասով, որ ՀՀ շարքային քաղաքացին դեռ չի տեսնում իր կյանքում էական փոփոխություն, իսկ երկրի ղեկավարը հայտարարում է, թե գոհ է իր եւ իր թիմի աշխատանքից:
Բայց այս պատկերին զուգահեռ պետք է, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, որը Եվրասիական միության տարածքում ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ վարչապետի. «Եթե համարենք, որ ճգնաժամային կառավարման ռեժիմ է եղել, խնդիրները բացառիկ հաջողությամբ են լուծվել», եւ չի կարելի մի տարվա մեջ ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծում:
Հիշեցնենք, որ 94 կողմ քվեներով դրական եզրակացություն ստացած բյուջեի կատարողական փաստաթուղթը, ըստ էության, կեսով նախորդ իշխանության, կեսով էլ հեղափոխական ուժի կատարած բյուջեն էր, որին մաս էին կազմում կոալիցիոն սկզբունքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան»-ը: ԲՀԿ-ն, սակայն, դեմ քվեարկեց կատարողականին: