ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման գործընթացում լուրջ փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ: Իսկ վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար կնախատեսվի պարտադիր ուսուցում:

Մինչդեռ ներկայումս բեռնատար տրանսպորտային միջոցների «C» կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում:

Բացի այդ, հստակ կսահմանվի, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Օրինակ,՝ «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում: «C», «D», «T», «CE» եւ «DE» կարգերի, եւ «C1E», «D1E» ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում կանցնեն առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները:

Թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը: Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը կմերժվի:

Ի դեպ, պարզվում է, որ ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս