«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն է: Նա անդրադարձել է Գերմանիայում իր ապրելակերպին, Հայաստանի հետ կապված ծրագրերին եւ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին: Հայկը խոստովանել է, որ Հայաստան հաճախակի այցելելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց սիրելին է, որի հետ պատրաստվում է մինչեւ տարեվերջ օրինականացնել հարաբերությունները:
-Հա՛յկ, այս տարի հասցրել եք արդեն նոր տեսահոլովակներ թողարկել, կարծես թե բուռն ստեղծագործական կյանքով եք ապրում, էլի ի՞նչ նորություններ կլինեն:
-Այո՛, շուտով էլի հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր երգ եւ տեսահոլովակ, բացի այդ՝ իմ հեղինակային երգը, որը կոչվում է «Հայից սիրուն չկա»: Համագործակցել եմ հոլանդաբնակ հայ դիջեյ Արտակի հետ:
-Արդեն վեց տարի է՝ բնակվում եք Գերմանիայում: Հայաստան վերադառնալու, այստեղ մշտական բնակություն հաստատելու ծրագրեր ունե՞ք, թե՞ Ձեր ապագան արդեն այդ երկրում եք պատկերացնում:
-Հայաստանը շատ եմ սիրում եւ հաճախ եմ լինում իմ հայրենիքում: Վերադառնալու մասին մտածում եմ, պարզապես պետք է դրան հոգեպես պատրաստ լինեմ, նոր հետո տեղափոխվեմ: Անկեղծ ասած, արդեն սովորել եմ Գերմանիայի կյանքին, ապրելակերպին, այստեղ ունեմ իմ հանդիսատեսը, կայուն լսարանը, ընկերներ: Մասնակցում եմ ոչ միայն համերգների, այլեւ կորպորատիվների: Ինձ այստեղ լավ եմ զգում, ինչը շատ կարեւոր է, միայն կարոտն է, որ հանգիստ չի տալիս: Հայաստան վերադառնալուց հետո ինձ համար բավական դժվար կլինի, քանի որ այդտեղ չունեմ այնքան լսարան, որքան այստեղ:
-Ձեր հարազատները Հայաստանու՞մ են:
-Այո, ընտանիքս Հայաստանում է ապրում:
-Հայաստանյան շոու-բիզնեսին հետեւու՞մ եք, ի՞նչ տպավորություններ ունեք:
-Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ հետեւում: Նախ՝ ժամանակս բավական սուղ է, երկրորդ՝ հիմա մեր շոու-բիզնեսում շատ պասիվ վիճակ է, այս տարվա ընթացքում ոչ մի յուրահատուկ բան չեմ տեսել: Ունենք երգիչներ, որոնց մասին անգամ չեմ էլ լսել: Անշուշտ, նրանց թվում կան տաղանդավոր մարդիկ, ինչի համար շատ ուրախ եմ: Հիմա մեծ մասն աշխատում է թողարկել կոմերցիոն երգեր: Ես էլ բացառություն չեմ: Եթե ուզում ես գումար վաստակել, պետք է հետեւես կոմերցիային: Նախկինում որեւէ երգ թողարկելուց առաջ հաշվի էի առնում, որ այն նախ ինձ դուր գար, հետո՝ հանդիսատեսին, իսկ հիմա փորձում եմ ոսկե միջինը գտնել:
-Երկրպագուներին կհետաքրքրի՝ ամուսնալուծությունից հետո Ձեր կյանքում կին հայտնվե՞լ է, եթե այո՝ արդյո՞ք նա հայ է: Կրկին ամուսնանալու պլաններ ունե՞ք:
-Ամուսնանալու պլաններ, իհարկե, կան: Ունեմ ընտրյալ, որը Հայաստանից է, ու Հայաստան գալուս գլխավոր պատճառներից մեկն էլ ինքն է: Փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ եթե ամեն բան լավ ընթանա, մինչեւ տարեվերջ կօրինականացնենք մեր հարաբերությունները:
-Այսինքն՝ նա պատրա՞ստ է գալ Գերմանիա:
-Ճիշտն ասած՝ բանակցությունների մեջ ենք: Նա չի ցանկանում գալ Գերմանիա, բայց եթե ես որոշել եմ ու եկել եմ, ինձ թվում է՝ շատ սիրելու դեպքում ինքն էլ կգա: Ես դեմ չեմ, որ ինքն այստեղ՝ Գերմանիայում, իր սիրելի գործով զբաղվի, հատկապես, որ այդ գործը համընկնում է նաեւ իմ գործի հետ:
-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ հետեւո՞ւմ եք արդյոք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ի՞նչ հույսեր եք կապում ապագայի հետ:
-Այստեղ ամեն օր հետեւում եմ լուրերին, մինչեւ չեմ կարդում, չեմ քնում: Անկեղծ ասած, երբ վերջին անգամ գալիս էի Հայաստան, սպասում էի, որ մեծ փոփոխություններ եղած կլինեն: Ցավոք, դեռ դրանք տեսանելի չէին: Բայց հուսով եմ, որ ամեն բան լավ է լինելու: Հավատ ունեմ մեր վարչապետի նկատմամբ: Երազում եմ, որ սփյուռքահայերն ու անգամ օտարերկրացիները ցանկություն հայտնեն Հայաստանում մշտական ապրելու: Հուսով եմ, որ շուտով ինքս էլ կտեղափոխվեմ հայրենիք, կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով: Հանգամանքների բերումով հայտնվել եմ այս երկրում, բայց ես իմպուլսիվ անձնավորություն եմ, ու հնարավոր է՝ մեկ վայրկյանում որոշեմ վերադառնալ:
ԱՄԱՌԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ
Ամառային նորաձեւությունը թելադրում է իր միտումները եւ, անշուշտ, ունի նաեւ «հակացուցումներ»: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, թե այս ամառ որ թրենդները մեծ տարածում ունեն հավաքածուներում: Հիմա արդեն կանդրադառնանք հակաթրենդներին: Այդ հարցում դիմել ենք դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի օգնությանը:
-Արա՛մ, այնպիսի տպավորություն ունեմ, որ կիպ ու կարճ մոդելները հավաքածուներում քիչ տարածում ունեն, եւ դիզայներները նախապատվությունը տալիս են oversize ոճի հագուստին: Այդպե՞ս է:
-Գլոբալ առումով թրենդային ուղղություն է oversize-ը, ավելի լայն, սովորական չափից մեծ հագուստներն են տարածված, մասսայական: Այդ առումով Դուք ճիշտ եք: Բայց միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ այսօր ակտուալ է 1980-ականների թեման, որն իր մեջ ներառում է մինի կոչվածը, ավելին՝ մինին այդ ուղղության մեջ պիկային կետում է: Ուզում եմ շեշտել, որ այսօր արդեն նորաձեւության ոլորտում ոչինչ միանշանակ չէ: Եթե մենք զրուցեինք 1990-ականներին, այն ժամանակ կային հստակ թրենդներ եւ հակաթրենդներ: Մեր օրերում չկա այդ կոնկրետությունը:
-Վերջերս կարդացի, որ լողազգեստ ընտրելիս պետք է այս ամառ նախապատվություն տալ մի կտորից կարված մոդելներին, այդպե՞ս է:
-Այս դեպքում էլ ոչինչ միանշանակ չէ: Պարզապես պետք է հստակ տարանջատել լողավազան գնալու համար նախատեսված լողազգեստը լողափի լողազգեստից: Դա արդեն էթիկայի հարց է:
-Խուսափելով կոնկրետ տարանջատումներից, այնուամենայնիվ, խոսենք այն մասին, թե որ մոդելի զգեստներն ու աքսեսուարներն ավելի մեծ եւ որոնք ավելի փոքր տարածում ունեն:
-Այո, այդպես ավելի ճիշտ կլինի:
-Օրինակ՝ ակնոցների պարագայում մի շարք մոդելներ մղվել են երկրորդ պլան:
-Հիմա դիսկո ոճի սուր մոդելներն են մոդայիկ, ոչ ստանդարտ ֆորմաները: «Արմանիի» մոտ ենք հաճախ հանդիպում ոչ կլոր եւ ոչ քառակուսի ֆորմաների: Ակտուալ են նաեւ ամբողջովին կլոր, Լեպսի ոճը հիշեցնող մոդելները: Փոխարենը քիչ կիրառելի են մեծ, ծավալուն ակնոցները:
-Մի պարբերական էլ գրել էր, որ ուսապարկերն այլեւս մոդայիկ չեն:
-Դա ծիծաղելի է: Ֆունկցիոնալ առումով ուսապարկերը միշտ կիրառական են, եւ դրանք չեն կարող նորաձեւությունից դուրս գալ: Եթե, օրինակ, գնում ես հանգստի, չես կարող հետդ ուսապարկ չտանել: Կարճ ասած՝ հիմա աշխարհը գլոբալ առումով գնում է դեպի հարմարավետության: Սա է հիմնականը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ
ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ եռացատկորդ Լեւոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում ավարտված International Jumping Meeting միջազգային մրցաշարում: Լեւոնը գրանցել է 16.50 մետր արդյունքը եւ հետ մնացել առաջին հորիզոնականը զբաղեցրած Գեորգի Ցոնովից, որը գրանցել է 16.80 մ արդյունք:
2 ՏՐԱՆՍՖԵՐ
Երեւանի «Փյունիկը» Եվրոպա Լիգայի որակավորման փուլի մեկնարկից առաջ արդեն ունի երկու ձեռքբերում: Երեւանյան ակումբի շարքերը նախ համալրել է «Ալաշկերտի» արդեն նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը: Մանուչարյանն ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 21 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: «Փյունիկի» մյուս տրանսֆերը առաջին խմբում հանդես եկող «Երեւան» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովն է, որը ավարտված մրցաշրջանում հասցրել է դառնալ 46 գոլի հեղինակ:
ԲԱՑ ԿԹՈՂՆԻ 4 ԱՄԻՍ
Արդեն հայտնի է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի վնասվածքի լրջությունը: Բրազիլացու մոտ աջ ոտքի կոճի կապանների պատռվածք է հայտնաբերվել: Եթե լինի վիրահատության անհրաժեշտություն, ապա Նեյմարը ստիպված կլինի բաց թողնել 4 ամիս: Եթե, այնուամենայնիվ, վիրահատության կարիք չզգացվի, ապա ֆուտբոլիստը շարք կվերադառնա ամենաուշը 6 շաբաթից: Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Քաթարի դեմ խաղի ժամանակ:
ՌՈՆԱԼԴՈՒԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Կայացավ Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը: Խաղն ընթացավ շվեյցարացիների առավելությամբ, սակայն ավարտվեց Պորտուգալիայի վստահ հաղթանակով` 3:1: Իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հյուրերից միակ գոլի հեղինակը 11 մ նշանակետից հեղինակեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Այսպիսով` այս հաղթանակի շնորհիվ «Եվրոպական բրազիլացիները» դուրս եկան Ազգերի Լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցեն Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ: Վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին:
Հավելենք նաեւ, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս գոլերի շնորհիվ յուրահատուկ ցուցանիշ գրանցեց` դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել հավաքականների մակարդակով 10-ը տարբեր առաջնություններով: Նա նաեւ հավաքականում հեղինակած գոլերի քանակը հասցրեց 88-ի, որը լավագույնն է գործող ֆուտբոլիստների մեջ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ