«ՏՂԱՄԱՐԴՆ ԱՎԵԼԻ ԽՈՑԵԼԻ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոսել իր երեք ամուսնությունների, զավակների հետ հարաբերությունների մասին: Պարոն Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ տղամարդն ավելի խոցելի արարած է, քան կինը, եւ տարածված մտայնությունը, թե կինը թույլ սեռի ներկայացուցիչ է, չի համապատասխանում իրականությանը: Դերասանը մեկնաբանել է նաեւ թատրոնի կուլիսային կյանքը՝ խոստովանելով, որ իր համար երբեմն տհաճ է նկատել, թե ինչպես են կոլեգաները քծնում իրար, ապա բամբասում իրար հետեւից:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կյանքի մեծագույն իրադարձությունը ո՞րն եք համարում:
-Երեխաներիս ծնունդը: Դրանցից ավելի մեծ իրադարձություն դժվարանում եմ նշել:
-Շարունակե՛ք միտքը. «Արվեստը մարդուն հնարավորություն է տալիս…»
-Արտահայտվելու:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը: Շա՞տ ընկերներ ունեք:
-Չէի ասի, որ քիչ են, չէի էլ ասի, որ շատ են:
-Տղամարդը ո՞ր դեպքում է խոցելի: Նա ինչի՞ց կարող է երկար ժամանակ ուշքի չգալ:
-Շատ դեպքերում: Եթե որեւէ մեկին թվում է, թե տղամարդը կնոջից ուժեղ է, շատ է սխալվում:Տղամարդն ավելի խոցելի է, պարզապես չի ուզում հավատալ դրան: Դավաճանությունը, նախկին սիրուն նա շատ դժվարությամբ է մոռանում:
-Սովորաբար Ձեզ ո՞ւմ են նմանեցնում, օրինակ՝ հոլիվուդյան դերասաններից:
-Կնոջս մի երկու անգամ ասել են, որ ես, իբր, Ջորջ Քլունիին եմ նման: Դա, իհարկե, ուրախացնում է ինձ (ծիծաղում է):
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Շատ եմ այս դեպքում լսել պաթետիկ պատասխան՝ Աստվածաշունչը: Բայց ես չեմ ստի, իմ կյանքում այդպես չի եղել: Իմ կյանքը երեւի փոխել է այբբենարանը (ծիծաղում է):
-Արվեստագետի հետ ապրելն ամենեւին էլ հեշտ չէ: Ձեր կինը սովորաբար ինչի՞ց է դժգոհում:
-Որ ուշ-ուշ եմ զանգում: Բայց դա ոչ թե անուշադրության արդյունք է, այլ պարզապես չեմ հարմարվում տեխնոլոգիական այս դարաշրջանի հետ, ինձ համար անընդհատ զանգելու սովորությունը սովորական չի դարձել:
-Շարունակե՛ք միտքը՝ «Նա, ով հավատում է իր ուժերին…»
-Շատ բանի կհասնի:
-Մանկությունից մի հուշ, որը մոռանալ չի լինի:
-Այն օրը, երբ առաջին անգամ գնացի կրկես: Երկար-բարակ հիշում եմ այդ պայծառ օրը:
-Մարդ, որից չեք դադարում սովորել:
-Մեկը չի, մի քանիսն են: Իմ ընկերներից եմ միշտ սովորում, կոլեգաներից, ինչու ոչ, փոքրիկներից, որոնք ամեն ինչ նկատում են:
-Ձեզ կարելի՞ է համարել միասեր:
-Եթե կողքիս կին կա, ուրեմն այո, նա միակն է ու եզակին: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով հարաբերությունները չստացվեն, այնպես չէ, որ ամբողջ կյանքում այդ մի կնոջը պետք է սիրեմ: Եթե այդպես լիներ, երեք անգամ չէի ամուսնանա:
-Կինը եւ տղամարդը կարո՞ղ են լինել պարզապես լավ ընկերներ: Դուք հավատու՞մ եք դրան:
-Միանշանակ: Ես ինքս ունեմ կին ընկերներ: Ընկերն ընկեր է, կապ չունի՝ կին է, թե տղամարդ:
-Ձեզ կարելի՞ է խանդոտ տղամարդ համարել, թե՞ ոչ այնքան:
-Երեւի ոչ, ես վստահում եմ իմ կողքի կնոջը: Եթե խանդում ես, ուրեմն կասկածներ ունես:
-Դուք քանի՞ զավակ ունեք:
-Չորս զավակ՝ երեք ամուսնությունից: Իմ դստեր հետ, մեծ տղայիս հետ ընկեր եմ: Մյուս երկուսի հետ առանձնապես շփում չկա: Փոքր որդուս հետ էլ կարող եմ ընկեր լինել, եթե շփում լինի:
-Կուլիսային կյանքում ի՞նչն ամենից շատ Ձեզ դուր չի գալիս:
-Մարդկանց քծնելու հատկությունը, անողնաշարությունը, նախանձությունը, որը ահավոր մի բան է, իրարից բամբասելու, երեսին ժպտալու, մեջքից հարվածելու միտումը:
-Եվ վերջին հարցը՝ կյանքից ի՞նչ եք ուզում:
-Որ երեխաներս լինեն երջանիկ եւ հաջողակ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՆՁ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ»

Դերասանուհի Շողեր Գրիգորյանն արդեն 3 ու կես տարի է՝ բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Նա պարբերաբար գալիս է Հայաստան, մասնակցում է հեռուստանախագծերի եւ էլի մեկնում: Հիմա եւս Շողերը Հայաստանում է մեկ ամսով: Վերջին անգամ հեռուստադիտողը տեսել է նրան «Քաոս» ֆիլմում: Հիմա եւս հնարավոր է, որ Շողերը նկարահանվի մի նախագծում, թե կոնկրետ ինչ բնույթի, փակագծեր չբացեց. «Երկարատեւ նախագծերում ո՛չ կարող եմ, ո՛չ էլ ուզում եմ ընդգրկվել: Ինձ դուր է գալիս, օրինակ, մի քանի մասանոց սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում իմ աշխատանքը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Շողերը:

Հարցին, թե Հայաստան մշտական բնակության նպատակով վերադառնալու մտադրություն արդյոք ունի, դերասանուհին պատասխանեց. «Այո, ամուսնուս հետ միշտ էլ ունենք այդ ցանկությունը: Գիտե՞ք, սիրտս հանգիստ է եւ ուրախ այն առումով, որ տեսնում եմ՝ հանդիսատեսս ինձ չի մոռացել, նա համակերպվել է, որ պետք է ներկայանամ կարճատեւ նախագծերում՝ հավատարիմ մնալով ինքս ինձ եւ չմեղանչելով արվեստի առջեւ: Գիտեմ, որ եթե վերադառնամ, ինձ սպասողներ ունեմ, բայց առայժմ չեմ պատրաստվում»:
Երկու երեխաների մայրիկին հարցրինք՝ մտավախություն չունի արդյոք, որ երեխաները կարող են մեծանալ օտար միջավայրում եւ յուրացնել տեղի բարքերը. «Ռուսական միջավայրի մասին շատերը կարծրատիպեր ունեն. ես էլ ժամանակին ունեի: Բայց երբ գնացի այնտեղ (կոնկրետ Մոսկվայի մասին է խոսքը), հասկացա, որ պատկերը բոլորովին այլ է: Մարդիկ այնտեղ բավական կիրթ են, ունեն սովորություններ, որոնք ինձ շատ են դուր գալիս: Օրինակ՝ որեւէ մեկը մյուսի երեխային նկատողություն չի անի: Ինձ դուր է գալիս նաեւ այն, որ մոսկվացիները կիրթ են, ամենեւին պարծենկոտ չեն, ինչպես հայերիցս շատերը: Մի խոսքով, ինչպես բոլոր քաղաքներում, այնտեղ էլ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ միտումներ: Ես ուրախ եմ, որ դրականին առերեսվելու առիթ ունեցա»,- մեկնաբանեց Շողերը:
Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ երբ երեխաները պատանի դառնան, արդեն իսկապես կարող են բախվել տեղի բարքերի հետ. «Հույս ունեմ, որ այդ ժամանակ արդեն տեղափոխված կլինենք Հայաստան»,- եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀԵՌԱՑԱՎ
Իսպանիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Կան տեղեկություններ, որ իսպանացի մասնագետի հեռանալու պատճառները անձնական են, սակայն թե կոնկրետ ինչն է դրդել Էնրիկեին կայացնել այդպիսի որոշում, դեռեւս պարզ չէ: Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեի օգնական Ռոբերտ Մորենոն, որը Էնրիկեի օգնականն էր նաեւ «Ռոմայում», «Սելտայում» եւ «Բարսելոնայում»:

 

 

 

ԿՕԳՆԵՄ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ
Երեկ` հունիսի 20-ին, կայացավ Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի առաջին մամուլի ասուլիսը որպես «Բիանկոներիների» գլխավոր մարզիչ: Նա նաեւ անդրադարձել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին. «Ռոնալդուն իրոք ֆանտաստիկ է: Ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ օգնել նրան գրանցել նոր ռեկորդներ»: Մասնագետը նաեւ անկեղծացել է եւ նշել, թե ինչ էր ամեն օր մտածում, երբ գլխավորում էր «Նապոլին». «Ես 3 տարի շարունակ քնել եւ արթնացել եմ` մտածելով մեկ բան` ինչպես հաղթել «Յուվենտուսին»: Հիմա ես այստեղ եմ եւ կարող եմ ասել, որ հարգում եմ «Նապոլիին», եւ հենց այդ ամենը պատճառ դարձավ, որ միանգամից չգլխավորեցի իտալական ակումբ, այլ տեղափոխվեցի Անգլիա: Կներդնեմ բոլոր ուժերս այս ակումբի հետ հաջողությունների հասնելու համար, քանի որ ես պրոֆեսիոնալ եմ»:

 

 

 

«ԱԼԲԵՍԵԼԵՍՏԵՆ»` ԴԵԺԱՎՅՈՒԻ ՄԵՋ
Բրազիլիայում շարունակվում է Ամերիկայի Գավաթի խաղարկությունը: B խմբում իսկական սենսացիա է հասունանում: Խմբային փուլի 2-րդ տուրում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը` Արգենտինայի հավաքականը, ուժերը չափեց Պարագվայի ընտրանու հետ եւ կարողացավ միայն չպարտվել: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Պարագվայից հաշիվը 37-րդ րոպեին բացեց Սանչեսը, իսկ արգենտինացիներից խաղի 57-րդ րոպեին 11 մետրանոց նշակետից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Լեո Մեսսին: Նշենք, որ պարագվայցիներից 62-րդ րոպեին 11մ-ից վրիպեց Գոնսալեսը: Խմբի մյուս խաղում Կոլումբիան նվազագույն հաշվով հաղթեց Քաթարին եւ ապահովեց իր տեղը 1/4 եզրափակչում: Արգենտինան իր ակտիվում ունի 1 միավոր եւ վերջին տուրից առաջ եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջատարը 6 միավորով Կոլումբիան է, ում էլ հաջորդում են Պարագվայը եւ Քաթարը, որոնք էլ համապատասխանաբար ունեն 2 եւ 1 միավոր: Վճռորոշ խաղերը կկայանան հունիսի 23-ին: Արգենտինան կմրցի Քաթարի հետ, իսկ Պարագվայը այս խաղում առանց մոտիվացիայի մնացած Կոլումբիայի հետ: Հավելենք նաեւ, որ Արգենտինայի հավաքականը նմանատիպ իրավիճակի մեջ էր հայտնվել նաեւ Աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ հաջորդ փուլի ուղեգիր կարողացավ նվաճել միայն վերջին տուրում` հաղթելով Նիգերիայի հավաքականին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս