Ինչ է միջնորդել Իջևանի քաղաքապետը` քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Ըստ մեղադրանքի` Իջեւան համայնքի ղեկավարը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երեւան քաղաք:

Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝ Իջեւանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս։ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ. մինչեւ 2018թ. աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել եւ լրագրողին վճարել նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձը։

Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ չի ընդունում իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը եւ միջնորդություն է ներկայացրել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը։

Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ղալումյանն ասաց, որ քաղաքապետի իր աշխատանքի բնույթով հարկ է լինում նաեւ արտերկիր մեկնել, Հայաստանից չհեռանալու արգելքը խանգարում է իր պարտականությունների կատարմանը։ Նրա խոսքերով` ի սկզբանե Իջեւանի պատկերասրահի տնօրենին մեղսագրվում էր, որ նա 3 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ է ստացել՝ 5 միլիոն դրամ, սակայն Քննչական կոմիտեն պատկերասրահի տնօրենի աշխատանքի չներկայանալու ժամկետը դարձրել է մեկ տարի։

Վ. Ղալումյանը հայտնեց, որ երբեւէ բողոք չի ստացել, որ Իջեւանի պատկերասրահի տնօրենն աշխատանքի չի ներկայացել. Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ 11 հիմնարկություն է գործում, ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել, որ դրանց տնօրենները ժամանակին աշխատանքի ներկայանան։ Նա ասաց, որ պատկերասրահի աշխատակից լրագրողը կատարել է իր պարտականությունները, Իջեւանի համայնքապետարանների ինտերնետային կայքում մշտապես նյութեր գրել, զետեղել, լրագրողի աշխատանքը սոսկ աշխատասենյակում նստելը, ֆիզիկական ներկայություն ապահովելը չէ: Եվ, հետեւաբար, հարուցված քրգործն անհիմն է։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս