Հայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսատոմ Արևելյան Եվրոպա»-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:48-ին, Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: «Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները: Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ ռեակտորի արտադրամասում:

Իրականացվել է ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում), վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում։ Այս աշխատանքների արդյունքներն էապես բարձրացնում են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը: Իրականացվել և պլանավորվում են իրականացվել ոչ պակաս մասշտաբային աշխատանքներ էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի վրա (մեքենասրահում): Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի։ Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին:

Հարկ է նշել, որ այս հսկայական պլանների հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կառուցվածքի մեջ։ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում: Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս