Մենք ունենք ներուժ՝ առավել խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:

«Չինաստանը բարեկամ երկիր է, որը մոտ է մեզ: Այն ավելի ու ավելի մոտ է դառնում «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շնորհիվ՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքական առումով: Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ այցելության և շնորհավորանքի համար. «Տոնի առթիվ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, սակայն այսօրվա Ձեր այցը դեսպանություն ամենակարևորն է: Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև: Որպես դեսպան՝ ես հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ եմ տեսնում»:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանը Թիան Էրլունը մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությունների, ինչպես նաև, Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, Հայաստանում Չինաստանին վերաբերող համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ, որը դեսպանը համարել է կարևոր ձեռնարկ: Անդրադարձ է կատարվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը:




Լրահոս