Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ օրովայդերներին պահանջել 2 տարով արխիվացվել իգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալներ եւ այլն։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Առաջարկվում է, որպեսզի բոլոր ինտերնետ տրամադրող բջջային օպերատորներն արձանագարեն՝ ով է մտել, որ ժամին, երբ է դուրս եկել, երբ է էլեկտրոնային փոստից օգտվել, ինչ հեռախոսից և այլն, ու այս ամեն ինչը պետք է պահպանվի երկու տարի: Այստեղ հարց է առաջանում, ինչու է այս ամեն ինչը առաջարկվում կիրառել հունվարի 1-ից: Օրինակ՝ գոյություն ունի ինտերնետային կառավարման խորհուրդ, որը նման հարցեր է քննարկում, և այնտեղ ոչ ոք տեղյակ չէ: Պատգամավորների հետ եմ խոսել, իրենք էլ տեղյակ չեն»,-նշեց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս ամենը կիրառելու հետ զուգահեռ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել:
«Ոչ մի գարանտիա չկա, որ սա չի կիրառվի քաղաքացիների դեմ, չի օգտագործվի անձնական հարցեր լուծելու համար: Ես ենթադրում եմ, որ ուժային կառույցներն այս միջոցով փորձում են կիբեր հանցագործությունները բացահայտել»,-հավելեց մեդիա փորձագետը:
Լիդա Եղիազարյան