Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ։
Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ
Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության խորացմամբ։
Նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունների ու առավելությունների մասին։
Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը զրուցակիցները համարել են սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:
Նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեն ասել է, որ դրանք չափազանց էական ոլորտներ են Կատարի համար, և իրենք շահագրգռված են համատեղ ծրագրերի իրականացմամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների փոխայցելությունների, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու վերաբերյալ։