Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություն են ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` կապված հանձնաժողովներում բացակաների հետ: Դրա հետ մեկտեղ Ազգային ժողովում կան «արտոնյալ» հանձնաժողովներ, որոնք ավելի քիչ են աշխատում եւ թերբեռնված են, քան մյուսները:
Այժմ խոսենք փաստերով եւ նախ անդրադառնանք բացականերին: Օրինակ` Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբեր ամսին մեկ նիստ է անցկացրել, որից երկու հոգի է բացակա է եղել եւ երկուսն էլ` ոչ հարգելի:
Մեկը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն է, մյուսն էլ` ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից ո՛չ սեպտեմբեր, ո՛չ հոկտեմբեր ամիսներին գումարված նիստերից բացականեր չեն եղել: Պարտաճանաչ հանձնաժողովների թվում է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, որը եւս վերջին երկու ամիսներին բացականեր չի ունեցել:
Ամենաթերբեռնված հանձնաժողովներից է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն թերբեռնված է եղել նաեւ վեցերորդ գումարման խորհրդարանի դեպքում, երբ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էր: Եվ դա մշտապես պատճառաբանվում է այնպես, թե նախագծերը քիչ են, որոնք պետք է ընդգրկվեն այդ հանձնաժողովում եւ քննարկվեն: Թեեւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը եւս թերբեռնվածների թվում է, սակայն հանձնաժողովի անդամներն ու նախագահը նիստերի փոխարեն այլ հանդիպումներ են կազմակերպում եւ փորձում այդպես լրացնել բացը: Եվ այդ ամենին զուգահեռ հանձնաժողովը չի ներկայացրել սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների բացակաների մասին տվյալները:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը եւս այս պահի դրությամբ բացակաների ցանկը չի ներկայացրել, սակայն համեմատաբար համարվում է ակտիվ հանձնաժողովներից: Բացի այդ, այս հանձնաժողովի կից գործում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որի անդամները հենց այս հանձնաժողովի անդամներն են: Այդ քննիչ հանձնաժողովը եւս ակտիվ է գործում, եւ ամենշաբաթյա նիստերին զուգահեռ որոշում է կայացվել երկարաձգել այդ հանձնաժողովի աշխատանքները, քանի որ անելիքները շատ են:
Թերեւս յոթերորդ գումարման խորհրդարանի ամենաակտիվ հանձնաժողովը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է: Այն ոչ միայն ամսվա կտրվածքով է ավելի շատ նիստեր գումարում, քան մյուսները, այլեւ օրակարգն է հագեցած լինում, եւ անհրաժեշտություն է առաջանում մի քանի օր շարունակ նիստ անցկացնել այն սպառելու համար: Եվ հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներն այդ առումով բացառություն չեն, եւ անցկացված նիստերը բավականին երկար են եղել: Այստեղ է կենտրոնացած խորհրդարանի լիագումար նիստում քննարկվող հարցերի մեծամասնությունը:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը եւս ակտիվների թվում է, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե շատ քննարկվող հարցեր չկան: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ղեկավարած հանձնաժողովը ոչ միայն ակտիվ է նիստերի առումով, այլ նաեւ տարբեր գործուղումների մեկնելու եւ հենց խորհրդարանում հանդիպումներ ունենալով ոլորտային ներկայացուցիչների հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գլխավորած Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը բավական հագեցած են լինում, եւ դրա պատճառն այս հանձնաժողովի լիազորությունների տիրույթն է, որը բավական լայն է:
Եվ ԱԺ լիագումար նիստերում քննարկված նախագծերից շատերը հենց այս հանձնաժողովով են անցնում: Սակայն Վարազդատ Կարապետյանը եւս դեռեւս չի ներկայացրել հանձնաժողովի նիստերից բացակաների ցանկը: Հավելենք, որ այս հանձնաժողովի կազմում հիմնականում ընդգրկված են մարզերից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները` կապված ոլորտային առանձնահատկությունների հետ:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից հետո մյուս ամենագերբեռնված հանձնաժողովը Տնտեսականն է: Այն ղեկավարում է իմքայլական Բաբկեն Թունյանը: Քանի որ այս հանձնաժողովում հիմնականում ներկայացվում են հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քաղաքացիների սոցիալական կամ տնտեսական կյանքին, այս նիստերը եւս բավական հագեցած են անցնում, եւ բավական ակտիվ են նիստեր անցկացնելու հարցում: Այստեղ եւս լինում են դեպքեր, երբ մեկ օրվա փոխարեն նիստը շարունակվում է նաեւ հաջորդ օրը: Եվ վերջին` Մանե Թանդիլյանի գլխավորած Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւս ակտիվ է հատկապես վերջին ամսին, քանի որ քննարկվում էր 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նշենք, որ յոթերորդ գումարման խորհրդարանը նաեւ առանձնանում է նրանով, որ շատ են քննիչ հանձնաժողովները, եւ դրանք եւս սկսել են ակտիվ աշխատել:
Նաիրա Հովհաննիսյան