«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վերջերս ISKA INTERCONTINENTAL չեմպիոնական գոտին նվաճած քիքբռնցքամարտիկ Միհրան Ենոքյանի հետ: Միհրանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել չեչեն Մաիրբեկ Մեդիեւին։
-Կպատմե՞ք մի փոքր մենամարտի մասին: Ինչ էիք զգում օկտագոն դուրս գալուց առաջ եւ արդեն հաղթանակից հետո։
-Մենամարտի մեկնարկից առաջ այդքան էլ մեծ լարվածություն չէի զգում, բայց լարվածություն կար, եւ դա այդպես է ցանկացած մարզիկի մոտ: Մենամարտից առաջ կար զգացողություն, որ հենց ես պետք է լինեմ հաղթողը: Կարելի է ասել նաեւ` պարտավորված էի հաղթել: Հանել եմ այդ լարվածությունը եւ տրամադրվել եմ հաղթանակի: Հաղթանակից հետո չեմ կարող նկարագրել զգացածս: Մարզումները շատ բարդ եւ ինչ-որ տեղ դաժան են ընթանում, եւ այս հաղթանկից հետո անչափ երջանիկ էի:
-Ի՞նչ կարող եք ասել Ձեր հակառակորդի մասին, արդյոք մենամարտը բա՞րդ տրվեց Ձեզ։
-Մենամարտը շատ բարդ չընթացավ, բայց մրցակիցս թույլ չէր եւ շատ լավ էր պատրաստված: Մենամարտի սկզբում ստացա կողոսկրի կոտրվածք, ես զգացի այդ պահը, բայց շարունակեցի մենամարտել: Այո, ես հաղթեցի նոկաուտով, բայց պետք է նշեմ, որ չեչեն մարտիկը գտնվում էր նոկդաունում եւ չցանկացավ շարունակել մարտը, հանձնվեց: Սա էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ մինչ այսօր բոլորը ասում են` չեչենը ինչպես հանձնվեց (ծիծաղում է – Է. Մ.). նա էլ գիտակցեց, որ անիմաստ է շարունակել։
-Կարողացաք գոտի նվաճել` մենամարտելով սեփական հողի վրա եւ սեփական երկրպագուների առջեւ։ Կարելի՞ է ասել, որ սա ամենայուրահատուկ եւ կարեւոր հաղթանակն էր Ձեր կարիերայում։
-Ինձ համար այս հաղթանակը կարիերայիս ամենակարեւոր հաղթանակն էր: Առաջինը նրա համար, որ գոտին էր կարեւոր, իսկ երկրորդը` չէի կարող թույլ տալ, որ չեչենը գա, իմ հողի վրա հաղթի ինձ եւ բարձրացնի իր երկրի դրոշը:
-Առաջին անգամ էիք մասնակցում «Միքս Ֆայթ» մրցաշարին, ի՞նչ կարող եք ասել Ձեր տպավորությունների մասին եւ արդյոք առաջիկայում կցանկանա՞ք եւս մեկ անգամ մենամարտել։
-Ես հետեւում էի «Միքս Ֆայթին» դեռ այն ժամանակ, երբ մենամարտեր էի անցկացնում Չինաստանում: Այն շատ հզոր կազմակերպություն է: Միշտ էլ ցանկացել եմ այս մրցաշարում մենամարտել: Երբ եկա Հայաստան, հանդիպեցի Վարդան Մնացականյանին, նա ինձ հավանեց, ես` իրեն, պայմանավորվեցինք, եւ որոշվեց, որ ես պետք է մենամարտեմ «Միքս Ֆայթում»: Հետագայում նույնպես կցանկանամ մենամարտել այս մրցաշարում:
-Հիմա, այսպես ասած, հետ գնանք։ Կպատմե՞ք` ինչպես որոշեցիք դառնալ խառը մենամարտերի մարզիկ, ինչպե`ս սկսվեց Ձեր կարիերան:
-Դեռ մանկությունից ես սիրում էի այս սպորտաձեւը: Ես սկզբից մարզվում էի միայնակ, իսկ հետո տեսա, որ ընկերներս մարզվում են, ու ես էլ ցանկություն ունեցա ընտրել այդ ճանապարհը: Մարզվեցի, սկսեցի ավելի շատ սիրել եւ մինչ օրս շարունակում եմ իմ ընտրած ուղին:
Մանրամասները՝ տեսանյութում
Էդմոն Մարտիրոսյան