Վերջին շրջանի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Ամուլսարի հանքի շահագործման հարցն է: Թեեւ Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը փոքր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, բնապահպանները, երկրաբանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն: Թեմայի շուրջ իրենց տեսակետն են հայտնում ոչ միայն բնապահպանները, այլեւ մշակույթի գործիչները: Մենք արդեն ներկայացրել էինք դերասան Սերգեյ Դանիելյանի մտահոգությունները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռոք երգիչ եւ երաժիշտ Անդրե Սիմոնյանի հետ:
-Անդրե՛, տեղյակ ենք, որ, առհասարակ, դեմ եք Հայաստանում որեւէ հանքի շահագործմանը: Ամուլսարի դեպքում, սակայն, Ձեր տեսակետը միանշանակ չէ: Ինչու՞:
-Այո, դա իմ դիրքորոշումն է. չէի ուզի, որ Հայաստանում հանքեր լինեին: Կարծում եմ՝ տնտեսական աճ գրանցելու համար կարելի էր զարկ տալ, օրինակ, ՏՏ, զբոսաշրջության ոլորտների զարգացմանը, բայց Ամուլսարի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Նախ՝ եկեք հիշենք, որ հանքի շահագործումը եղել է նախորդ իշխանության նախաձեռնությունը, եւ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարզապես ժառանգել է նախորդներից: Երկրորդ՝ ես վստահ եմ, որ վարչապետը մտահոգ է մեր հայրենի բնության պահպանությամբ եւ թույլ չի տա, որ առանց բնության պահպանության համոզիչ երաշխիքների հանքը շահագործվի: Երրորդ՝ ներկայիս իշխանությունը չի ուզում վնասել Հայաստանի համբավն արտերկրում, չորրորդ՝ նպատակահարմար չի գտնում 400 միլիոն դոլարի չափ վնաս հասցնել պետբյուջեին: Ուստի ես կողմ եմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, բայց եթե պահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը, եւ սա լինի Հայաստանի վերջին հանքը: Իհարկե, շատ կափսոսամ, երբ Ամուլսարը դառնա հանք, բայց պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, որն ունենք: Հաշվի առնելով իմ նշած հանգամանքները՝ ժողովուրդը չպետք է քննադատի Փաշինյանին: Եթե նա իսկապես պոպուլիզմի հետեւից ընկներ, ինչպես շատերն են կարծում, ապա հանքի շահագործումը թույլ չէր տա, կդառնար բոլորի աչքի լույսը եւ պետբյուջեից 400 միլիոն կվճարեր: Բայց նա չի ուզում վատնել այդ գումարը եւ Հայաստանի համբավին վնաս հասցնել:
-Դուք համարում եք դա վատնու՞մ: Բնապահպանները պնդում են՝ հանքի շահագործումը մեծապես վնասելու է շրջակա միջավայրը, եւ, նրանց համոզմամբ, այդ դեպքում արդեն միլիոններն էլ չեն փրկի…
-Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը: Իհարկե, չկա այնպիսի հանք, որ վնաս չհասցնի բնությանը, բայց պետք է հասկանանք՝ ինչ ենք դնում կշեռքի նժարներին:
-Կա կարծիք, որ Փաշինյանի վրա գործարար հատվածից ճնշում են գործադրում, այդ պատճառով էլ նա չի կարողանում հրաժարվել հանքի շահագործումից…
-Չեմ կարծում: Տեսեք, թե այսօր ովքեր են բերման ենթարկվում: Իմ կարծիքով՝ չկա մեկը, ով կարող է նման ճնշում բանեցնել: Եվ հետո մի բան էլ ասեմ: Հիմա նախորդ իշխանության ներկայացուցիչները սկսել են պղտոր ջրից ձկներ բռնել, ուզում են Ամուլսարի հարցը Փաշինյանի դեմ օգտագործել: Հիմա մենք միանանք այդ մարդկանց ու մի մարդու մեղադրե՞նք, թե՞ կանգնենք վարչապետի կողքին եւ մինիմալ վնասներով դուրս գանք այս խնդրից: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակը, եթե, իհարկե, հավատում ենք, որ այս իշխանությունը թույլ չի տալու Հայաստանում նոր հանքերի շահագործումը: Իսկ ես հավատում եմ: Բացի այդ, վստահ եմ, որ Ամուլսարի հանքից եկած օգուտը կրկին ուղղվելու է պետական բյուջե, ոչ թե դղյակների տերերի գրպաններ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՎԵՐԱԴԱՐՁ՝ 5 ՏԱՐԻ ԱՆՑ
«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ առաջընթաց եմ նկատում երաժշտական ոլորտում: Հինգ տարի էր՝ հայրենիքում որպես արտիստ չէի ներկայանում, բացակա էի, բայց, արի ու տես, որ հեղափոխությունից հետո, երբ ազատ արտահայտվելու իրավունքը սկսեց տարածվել բոլոր ոլորտների վրա, իմ վերադարձը ստացվեց: Մինչ այդ երբ առաջարկում էի հայրենիքում որեւէ ծրագիր իրականացնել, պետք է սպասեի, որ մի քանի տասնյակ հոգի զններ այն, վերջում էլ կա՛մ համաձայնություն տար, կա՛մ ոչ: Իսկ այս ամառ ինձ գրկաբաց ընդունեցին Երեւանում եւ թույլ տվեցին, որ այն, ինչ առաջարկում էի, կյանքի կոչվեր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, որը հունիսին Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ հանդես եկավ համերգով:
Ալեքսանդրը բնակվում է Բեռլինում, դեռեւս Հայաստան մշտական բնակության վերադառնալու մտադրություն չունի, թեպետ վերադարձի համար նրան ոչինչ չի խանգարում. «Պետք է ուղղակի հարմար հրավեր եւ առաջարկ լինի, որպեսզի կարողանամ նվագախմբերի հետ կապված ծրագրերս կյանքի կոչել: Ինձ ու իմ պես այլ արտիստների համար հարթակ է պետք »,- մեկնաբանեց նա:
Փոխարենը կոմպոզիտորը խոստացավ ավելի ու ավելի շատ այցելել հայրենիք նոր ու թարմ ծրագրերով. «Հաջորդ տարի եւս Հայաստան եմ գալու յուրահատուկ մի ծրագրով, որի ականատեսը հայ հանդիսատեսը դեռ չի եղել: Հայրենիք եմ բերելու չլսված մի երաժշտություն: Հայաստանում իմ բացակայությունը չեք զգա: Բայց չեմ կարծում, թե հանուն հայրենիքի ինչ-որ բան անելու համար անպայման պետք է ֆիզիկապես գտնվես այնտեղ: Այսօր այնպիսի թվային տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս գտնվել մի երկրում, բայց, օրինակ, լինել գլխավոր դիրիժոր մեկ այլ երկրում: Այնպես որ, ամեն բան դեռ առջեւում է»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կրկին ծնկի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ, եւ վերջինս բաց կթողնի նաեւ Ղազախստանի առաջնության մի քանի հանդիպում: Հիշեցնենք, որ Պիզելին նոր էր ապաքինվել ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին եւ 8-ին կմրցի համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում:
ՄԵԿՆԱՐԿԵՑ 5-ՐԴ ՏՈՒՐԸ
Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն Խմբի 5-րդ տուրը:«Նոան» սեփական դաշտում կարողացավ 2:0 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ: Խաղի 17-րդ րոպեին գեղեցիկ տուգանայինի օգնությամբ հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը, իսկ 57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մաքսիմ Մայրովիչը: Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 7 միավոր եւ այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Ուրարտուն» 1 միավորով 9-րդն է:
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԻՏԱԼԻԱ
Իտալական «Ռոման» շուտովիր շարքերը կհամալրի անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգին: Իտալական ակումբը, ըստտեղեկություների, կվարձակալի մեկ տարի ժամկետով անգլիացուն ու կվճարի 3 միլիոն եվրո, բայց մրցաշրջանի ավարտից հետո գնման հնարավորություն համաձայնագրի մեջ չկա: Նշվում է, որ Սմոլինգը եւս ցանկանում է տեղափոխվել իտալական գրանդ:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Օրեր առաջ Mix Fight մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը իր պաշտոնական էջում ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանի հետ նկար էր հրապարակել: Այդ առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մնացականյանի հետ եւ ճշտել, թե որքան է հնարավոր Մաքսիմ Մանուկյանի մասնակցությունը Mix Fight մրցաշարին. «Առաջիկա մրցաշարին չի մասնակցի, իսկ հետագայի համար ասել ոչինչ չեմ կարող: Գիտեմ, որ միտք ունի իր ուժերը չափել MMA-ում, սակայն առաջիկա մրցաշարին չի մասնակցի, քանի որ պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը»,- ասել է Վարդան Մնացականյանը մեզ հետ զրույցում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ