«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակ ընտրությունից հետո շատերը, ում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկվել է համալրել ԲԴԽ գիտնական անդամի թափուր տեղը, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ: Ասել է թե` ԲԴԽ կազմը համալրելու համար ինչպես դատական համակարգում, այնպես էլ Ազգային ժողովում կանգնել են փաստի առաջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանին է առաջարկվել դառնալ ԲԴԽ գիտնական անդամ: Հետաքրքիր է` նա կհամաձայնի, թե ոչ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
-Տիկի՛ն Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ է: Հիմա «Իմ քայլը» խմբակցությունն ունի՞ թեկնածու, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի թեկնածուների առաջարկել եք, որոնք մերժել են:
-Հիմա սպասում ենք, որ Պետաիրավականը առաջարկի թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն ԲԴԽ անդամի չափանիշներին, եւ, ըստ այդմ, կքննարկենք:
-Մենք զրուցեցինք Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, որն ասաց, որ ԲԴԽ անդամի հարցը իր տիրույթում չէ, այլ ձեր: Հիմա կասե՞ք` արդյոք թեկնածու չգտնելը կապված է այն հանգամանքի հետ, որ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանին առաջարկեցին, սակայն խայտառակություն եղավ, նա չընտրվեց, ու հիմա մյուս թեկնածուները մերժում են:
-Չէ, ընդհանրապես այդ խնդիրը չկա: Եթե հիշում եք, պարբերաբար ամեն թեկնածուի առաջադրելիս ինչ-որ մի խնդիր առաջանում էր, օրինակ` չգիտեմ, վերջին պահին ինչ-որ բան այն չէր լինում:
-Իսկ, օրինակ, ընդդիմությունն ունի՞ թեկնածու, որ առաջադրի: Օրինակ` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անցած անգամ նեղացել էր, որ իրենց թեկնածուին չեք ընդունել:
-Ես տեղյակ չեմ, որ իրենք ունեն…., այսինքն` ի՞նչ է նշանակում` չենք ընդունել: Ընդդիմությունը, ինչպես նաեւ իշխանական խմբակցությունը եւ ընդդիմադիր խմբակցությունները պետք է եւ իրավունք ունեն առաջադրել իրենց թեկնածուներին: Այնպես որ, սա պայմանավորել «Իմ քայլը» խմբակցությունով չարժե: Այլ հանգամանք է, նրանք, չգիտեմ, ուզում են մենք միասնական թեկնածուով հանդես գանք, մենք չենք բացառում, իհարկե, այդ տարբերակը եւ կարող ենք դիտարկել:
-Հիմա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ «Իմ քայլը» խմբակցությունն ունի թեկնածու, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանն է:
-Ոչ թե թեկնածու ունենք. այլ մենք ասում ենք, որ դիտարկենք, թե ինչ թեկնածուների անուններ կան, ում կարող ենք դիտարկել:
-Արտակ Կրկյաշարյանը կա՞ այդ թեկնածուների շարքում:
-Ես այս պահին չեմ կարող ասել. միեւնույնն է, ինչ թեկնածու էլ լինի, քանի որ դեռ մենք վերջնական խմբակցությունով չենք որոշել, թե որ թեկնածուներին ենք դիտարկելու, այս պահի հարկ չեմ համարի նշել, քանի որ այդ մարդկանց վատ վիճակի մեջ կդնենք հետագայում:
-Բայց ասում են` նրանց, ում դիտարկել եք, մերժել են, ցանկություն չեն ունեցել ԲԴԽ անդամ դառնալ: Նման խնդիր չի՞ եղել:
-Ես ինքս որեւէ թեկնածուի հետ չեմ քննարկել նման հարց:
-Իսկ տեղյա՞կ եք` իշխանության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ ունենում են արդյոք:
-Դե, բնականաբար, Պետաիրավական հանձնաժողովում իրենք հիմնականում նայում են, թե ովքեր են չափանիշներին համապատասխանում, միեւնույն ժամանակ խմբակցության անդամները կաշկանդված չեն եղել առաջարկներ ներկայացնել: Բայց խմբակցության կողմից ես չեմ ստացել որեւէ առաջարկ:
-Մտավախություն չունե՞ք, որ չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրաժարվեն, քանի որ Աննա Մարգարյանի հետ կատարվածից հետո կարծես թեկնածուները ԲԴԽ գնալու ցանկություն չունեն:
– Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետեւ ինքս որեւէ մեկի հետ չեմ խոսել, որից ստացել եմ այդպիսի պատասխան, դրա համար չեմ կարող նման բան պնդել: Ինչ վերաբերում է մտահոգությանը, ցանկացած մարդ կարող է ունենալ իր համար որոշակի ընդունելի կամ չընդունելի… չեմ կարող ասել:
-Իսկ, ըստ Ձեզ, Աննա Մարգարյանի հետ կատարվածը խայտառակե՞ց Ձեր խմբակցությանը, արդյոք սա դարձա՞վ առիթ, որ մյուս թեկնածուները չվստահեն խմբակցությանը եւ չցանկանան առաջադրվել եւ ընտրվել ԲԴԽ անդամ:
-Ընդհանրապես վերացարկվելով ես չեմ կարծում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է լինի բացառապես իշխանական խմբակցության պատասխանատվության ներքո: Կար թեկնածուն, որի պարագայում գիտեիք` եթե ընդդիմությունը տրամադրեր ձայներ, ապա Աննա Մարգարյանը կանցներ: Ես կարծում եմ, որ պետք է լինի, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված, պետք է լինի համերաշխ մոտեցում, ինչը ունեցել ենք նախորդ թեկնածուների պարագայում: Այնպես որ, պատասխանատվությունը կիսում ենք բոլորս անխտիր:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱԱԾ-Ն ՈՒ ԱՎԱԳ ԴԱՏԱԽԱԶԸ
Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կաշառքի չափը կազմել է 1.300 ԱՄՆ դոլար:
Այսպիսով, ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին մեղադրանք է առաջադրել, որ նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող Գուրգեն Գասպարյանին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձ հանդիսացող Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին եւ 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:
Դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա իր մտերիմ Գուրգեն Գասպարյանի դրդմամբ վերջինիս օգտին գործողություններ կատարելու, այն է` նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը համապատասխան պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով լուծելու համար 2019թ. հունիս ամսին հանդիպել է իր ծանոթ` ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանին, որը համաձայնել է 1.300 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ միջամտել նշված դատավարական գործընթացին եւ, դրանով պայմանավորված, դատապարտյալի համար ցանկալի արդյունք ապահովել:
10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ իր օգտին գործողություններ կատարելու` իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը լուծելու համար իր մտերիմներին դրդել է կաշառք տալ դատախազին:
Աղմկահարույց այս քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է: Նշենք, որ այս քրեական գործից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում եւս ծառայողական քննություն է սկսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ քննիչները ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի հետ գնացել էին Գլխավոր դատախազություն եւ այնտեղ քննչական գործողություններ իրականացրել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
ՀՀ ՔԿ-ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում` Վարդենիսի քննչական բաժնում, ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017թ. հունիսի 11-ից մինչեւ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու եւ փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրեւ հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
ՏՈՒԺՈՂ ՉԷ
Քննչական կոմիտեն տեղեկացրել է ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի մանրամասները: Վ. Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու` սպանելու ուղղակի դիտավորությամբ` Վ. Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել` վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, եւ քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՎ ԾԵԾԵԼ ԵՆ
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օրեր առաջ Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Ծեծի ենթարկվելու հետեւանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ` նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: