Քանի մարդ է օգտվել տաքսիներից, և ինչի հետ է կապված մետրոյից օգտվողների թվի աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` անցած տարվա 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները աճել են 8.1 տոկոսով:

Այս տարվա հունվար-նոյեմբերին ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 3.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի 11 ամիսներին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 31.4 տոկոսով:

Այսինքն` անցած տարվա 11 ամիսներին տաքսիներից օգտվել է 4 մլն 278 հազար մարդ: Մասնագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է եղել մեքենա ներկրելով: Չէ՞ որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում մեքենաների գները մի քանի անգամ բարձրացել են:

Փոխարենը 26.8 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին: ArmLur.am-ը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 6.2 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

Բացի այս, բավականին շատ թվով ավտոբուսային երթուղիներ դուրս են եկել շահագործումից, ինչի հետեւանքով մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված են լինում երկու, շատ դեպքերում նաեւ՝ երեք տրանսպորտից օգտվել: Հավանաբար սա է պատճառը, որ երեւանցիները սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից:

Ս.Հ.




Լրահոս