Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին է ներկայացրել բնապահպանական քաղաքականության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորաբար անդրադառնալով անտառվերականգնման լայնածավալ ծրագրերին, որոնց համատեքստում նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին ծանոթացրել է շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Նորարարական կլիմայական ֆինանսական մեխանիզմի» գաղափարին։
Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները՝ ներկայացված մեխանիզմի մանրամասներին ծանոթանալուց հետո։
Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինի Հայաստան սպասվող այցին վերաբերող հարցերին։