Ինչու Լուսագյուղ համայնքի երեխաները մանկապարտեզ չեն հաճախում. մանրամասնում է Արմավիրի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները: Բանն այն է, որ 951 բնակիչ ունեցող համայնքի երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հանարավորությունից, քանի որ գյուղում չկան համապատասխան պայմաններ:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, պարզելու համար՝ ինչու են  համայնքի երեխաները զրկվել մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

«Մանկապարտեզների լիազորությունները, որպես ՀՕԱԿ ընկած է համայնքի ղեկավարի վրա, այստեղ իրավական առումով, որևիցե գործառույթ չունենք: Լուսագյուղ համայնքում ունենք խնայված միջոցներ և հնարավորություն մանկապարտեզին օգնելու համար: Ես անձամբ այցելել եմ գյուղ, մանկապարտեզը համալրել ենք համապատասխան գույքով, բայց և այնպես համայնքի ղեկավարը չի կարողանում մանկապարտեզը շահագործել, քանի որ չի կարողանում բնակիչներից հավաքագրումներն ամբողջությամբ կատարել»,-նշեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Ըստ մարզպետի՝ այս ամենից խուսափելու միակ ելքը համայնքների խոշորացումն է:

Իսկ ահա Լուսագյուղ համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը ArmLur.am-ի  հետ զրույցում հայտնեց, որ համայնքային բյուջեն բավարար չէ, որպեսզի շահագործման հանձնեն մանկապարտեզը:

«Ճիշտ է այս տարի հավաքագրումները հարյուր տոկոսանոց չեն, բայց դա չէ խնդիրը: Մանկապարտեզը շահագործելու համար մեզ բավականին լուրջ ռեսուրսներ են պետք: Ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծենք, արդեն դիմել ենք բարերարների: Սպասում ենք համապատասխան արդյունքի»,-հավելեց Լուսագյուղ համայնքի ղեկավարը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս