ԱՇԽԱՐՀԻ 15-ՐԴ ԵՎ 32-ՐԴ ՌԱԿԵՏՆԵՐԸ ԿՈՐՈՇԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի տարվա գլխավոր իրադարձություններից մեկը` Ավստրալիայի բաց առաջնությունը, մոտենում է իր ավարտին ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց պայքարում: Թերթի նախորդ համարում արդեն խոսել ենք տղամարդկանց մենապայքարների մասին: Արդեն այսօր՝ հունվարի 31-ին, պարզ կդառնա Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Եզրափակչում արդեն իր տեղը ապահովել է աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով կիսաեզրափակչում 3:0 հաշվով կարողացել է առավելության հասնել 38-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Եզրափակչի երկրորդ մասնակիցը կլինի Դոմենիկ Թիմ-Ալեքսանդր Զվերեւ զույգի հաղթողը:
Հիմա ցանկանում ենք անդրադառնալ կանանց մենապայքարներին, որտեղ անակնկալներն ավելի քան շատ են: Այստեղ արդեն հայտնի են եզրափակչի մասնակիցները: Եթե առաջնության մեկնարկից առաջ ասեին, որ Australian Open-ի եզրափակչում միմյանց ուժերը կչափեն աշխարհի 15-րդ եւ 32-րդ ռակետները, ոչ ոք չէր հավատա, սակայն ունենք այն, ինչ ունենք. Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում կմրցեն Սոֆիա Քենինը եւ Գարբին Մուգուրուսան: Այս երկու թենիսիստուհիները մեծ դժվարությամբ կարողացան հասնել կիսաեզրափակիչ, իսկ, ահա, այդ փուլում նրանք կարողացան շատ հեշտ, առանց ավելորդ լարվածության պայքարից դուրս շպրտել, ոչ ավել, ոչ պակաս, աշխարհի 1-ին եւ 4-րդ ռակետներին: Սոֆիա Քենինը նախ կարողացավ 2:0 հաշվով պարտության մատնել առաջին ռակետ Էշլի Բարթիին, ապա նույն հաշվով Մուգուրուսան հաղթանակի հասավ Սիմոնա Հալեպին:
Այսպիսի եզրափակչի մասին մտածել անգամ արգելված էր, սակայն Մուգուրուսան եւ Քենինը ապացուցեցին, որ սպորտում ֆավորիտները միայն թղթի վրա են: Մուգուրուսան ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում եւ համարվում է նաեւ եզրափակչում հաղթողի գլխավոր հավակնորդը: Իսպանացի թենիսիստուհին Ավստրալիայի բաց առաջնության առաջին երկու փուլերում կարողացել է պայքարից դուրս թողնել Շելբի Ռոջերսին եւ Այլա Տոմլյանովիչին: Միայն առաջին այս երկու մրցակիցներ էին, որոնք վարկանիշով զիջում էին Մուգուրոսային: Առաջին երկու փուլերում հաղթանակ տոնելուց հետո իսպանուհին սկսեց մեկը մյուսի հետեւից պայքարից դուրս թողնել աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներին: Նախ Մուգուրուսան կարողացավ հաղթել աշխարհի 5-րդ ռակետ Էլինա Սվիտոլինային, ապա կրկին իրենից բարձր ռեյտինգ ունեցող Անաստասիա Պավլյուչենկովային (30), իսկ վերջում՝ ժամանակին հավասարը չունեցող Սիմոնա Հալեպին: Ավստրալիայի Բաց առաջնություններում Մուգուրուսայի լավագույն արդյունքը հենց այս տարվա եզրափակիչն է, իսկ Մեծ Սաղավարտի մրցաշարերից երկուսում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնում, իսպանուհին ունի մեկական հաղթանակ 2016 եւ 2017 թվականներին: Սոֆիա Քենինը, ի տարբերություն իր մրցակցի, ավելի համեստ հաջողություններ է գրանցել թենիսիստուհու իր կարիերայում: Australian Open-ի առաջնություններում Քենինի համար նույնպես լավագույն արդյունքը 2020 թվականի եզրափակիչն է, իսկ Մեծ Սաղավարտի մյուս մրցաշարերում Քենինը նշանակալի նվաճումներ չունի: Ամերիկուհին մինչ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ հասնելը կարողացել է պայքարից դուրս թողնել Մարտինա Տրեվիսանին, իր հայրենակից Էն Լիին, Շուայ Ժանգին, Քորի Գուֆին, Օնս Ջեբուրին եւ Էշլի Բարթիին: Արդարության համար պետք է նշենք, որ վարկանիշային աղյուսակում ամերիկուհի թենիսիստից բարձր ռեյտինգ ուներ միայն Էշլի Բարթին, իսկ մյուսները, որոնց հաղթել է Քենինը, իրենից հեռու էին կիլոմետրերով: Սա այն փաստերից մեկն է, որը Մուգուրուսային դարձնում է դիմակայության ֆավորիտ: Այս տարվա թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մենապայքարները անցնում են անզիջում պայքարում, արդեն գրանցվել են մի շարք անակնկալներ, եւ, ինչու ոչ, արդեն կարելի է հավատալ, որ եզրափակիչներում կարող են տապալվել ե՛ւ Գարբին Մուգուրուսան, ե՛ւ Նովակ Ջոկովիչը:
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենապայքարում անակնկալները սկսվել էին դեռ ամենասկզբից, երբ 1/16 եզրափակչում աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը, 1:2 հաշվով պարտվեց չինուհի Քիանգ ՈՒանգին: Մելբուրնի կորտերը 2020-ի սկզբին շատ ֆիասկոներ են տեսել եւ, ո՞վ գիտե, միգուցե ամենաանկանխատեսելի արդյունքները դեռ կտեսնենք եզրափակիչներում:
Գեյմ, Սեթ եւ Մատչ. պայքարը Մեծ Սաղավարտի տարվա առաջին խոշոր մրցաշարի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար շարունակվում է…

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս