Արցախում դադարեցվել են հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը 2020 թվականի փետրվարի 21-22-ը ներառյալ դադարեցնել հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:

ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի խոսքով՝ հիվանդությունը առավել վերահսկելի դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում փետրվարի 22-ի ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15:00-ին:

Նշվում է, որ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասել է, որ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ին բաց թողնված պարապմունքները կազմակերպվելու են փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ի և 22-ի բաց թողնված պարապմունքները՝ հաջորդող երկու շաբաթների ընթացքում:




Լրահոս