ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի են անուններ. ովքեր են Նուբարաշենի բանտում ծեծել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի որ կալանավորներն են ծեծի ենթարկել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծեծի էր ենթարկվել կալանավոր Վահագն Աբգարյանը: Դեպքի առթիվ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր,որ Վահագն Աբգարյանի ծեծը կազմակերպվել է արտերկրում բնակվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձի կողմից, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վահագն Աբգարյանին խցից դուրս են հանել եւ ծեծել են քրեակատարողական հիմնարկի այլ վայրում, եւ ՔԿՀպետ Սամվել Մկրտչյանն այդ գործընթացից անձամբ տեղյակ է եղել:

Ինչեւէ, մեզ հայտնի են անուններ, թե ովքեր են անձամբ քրեական հեղինակությանը ծեծի ենթարկողները եղել. նրանք են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրպատիժը կրող հայտնի Նորագյուղցի Նվերիկը, Վաչոն եւ Կինոերեւանցի Խչոն: Ի դեպ, վերոնշյալ անձինք առաջին անգամ չէ, որ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններ եղան, բանտի 3-րդ եւ 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ,«զոն նայողների» հրահանգի հիման վրա,սկսել էին կոտրել կերակրադռնակները եւ խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետեւանքով խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել:

Այս գործընթացը եւս կազմակերպել էին Նորագյուղցի Նվերիկ մականվամբ Ն. Կ-ն, Վաչիկ մականվամբ Վ. Գ.-ն, որոնք դատապարտյալների մոտ ընդունված են որպես«զոն նայողներ»: Նրանց այդ ակցիան ուղղված էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ԱԺ նոր նախագծի դեմ:
Ու հիմա ստացվում է, որ մեր երկրում, մի կողմից, օրենք են ընդունում քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար, մյուս կողմից՝ «զոն նայողների»միջոցով են ծեծել տվել չհնազանդվող կալանավոր Վահագն Աբգարյանին:

Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր:

Քնար Մանուկյան




Լրահոս