ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Այս մասին վարչապետը հայտնեց սոցկայքի իր էջով ընթացող ուղիղ եթերի ժամանակ:
«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ: Բոլորիդ սպասում եմ և բոլորիդ առաջ խոնարհվում եմ: Չմոռանաք, որ ապրիլի 5-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և այո ասել մեր առաջարկած սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքներում ելույթ է ունենալու և մանրամասն ներկայացնելու է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանել քաղաքացիներին:
ՀՀ վարչապետի հետ էին նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ էին նվիրում կանանց:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: