Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մարտի 9-ին ողբերգական ու հանելուկային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Մելիք գյուղում։ Նույն օրը՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ծնողներն օրորոցի մեջ հայտնաբերել են 7 ամսական երեխային՝ մահացած վիճակում։
ArmLur.am-ը դեպքի մանրամասների վերաբերյալ զրուցել է Մելիք գուղի համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանի հետ, ով նաև մահացած երեխայի ընտանիքի հետ ունի ազգակցական կապ:
«Առողջ, շատ լավ երեխա էր, գիշեր 23:00-ին մայրը կերակրել է, երեխան քնել է, առավոտյան ժամը 06:00-ին արթնացել տեսել են երեխան չի արթնանում: Հիմա սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»,-ասաց նա:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ մահացած երեխան տան առաջնեկն էր, ընտանիքն ապրում է սոցիալապաես ապահով, նորմալ պայմաններում:
«Հայրը աշխատող տղա է, մայրն էլ տանը խնամում էր երեխային»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն,դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Լիդա Եղիազարյան