«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետեւից հայտնվում են մեղադրյալի աթոռին: Ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար): Մյուս 4 մեղադրյալները՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելու, դրդելու, օժանդակելու համար):

Նախաքննության փուլում Սերգո Կարապետյանն առերեսվել էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բարսեղ Բեգլարյանի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը չի ընդունում մեղադրանքը: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ մեկ այլ քրեական գործով մեղադրյալի աթոռին է հայտվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը: Նախաքննական մարմինը վերջինիս մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով, իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

«Ժողովուրդ» օրաթերթը հարուցված քրեական գործի շրջանակներում զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, նախաքննական մարմինը Ձեզ մեղադրանք է առաջադրել, որ Դուք, լինելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով, Ձեր պարտականությունները ոչ պատշաճ եք կատարել, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը ։

-Իհարկե չեմ ընդունում:

-Այդ դեպքում իրավապահնե՞րն են Ձեր «գլխին սարքում»:

-Ես բողոք եմ գրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ներկայացրել եմ իմ հիմնավորումները ու անգամ ասել եմ, որ իմ հիմնավորումները չեն ընդունվում քննիչների կողմից, ու դեռ պատասխան դատախազությունը չի տվել, ոչ ոք, այս իրավիճակով պայմանավորված, չի աշխատում: Բայց, կներեք, պետք է դատախազությունը պատասխաներ, նոր գործը դատարան ուղարկեր, այդպես չէ՞:

-Փաստացի ստացվում է, որ Ձեզ գլխավոր դատախազությունը չի պատասխանել, ու գործն էլ դատարան են ուղարկել : Դուք չգիտեի՞ք, որ Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է գնացել:

– Չէ, չգիտեի, քննիչը ինձ ասաց, որ իմ իրավունքն է, կարող եմ բողոք ներկայացնել: Իմ մեղքով ոչինչ չի եղել, բնության մեղքով է եղել, ու ես փաստի առաջ եմ կանգնել, բայց մեղադրանքը չեմ ընդունում:

Քնար Մանուկյան




Լրահոս