ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել մի քանի ավտոմեքենա: Բնականաբար աճուրդի հանված ավտոմեքենաները հին տարեթվի արտադրության են եւ օգտագործած։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2005 թվականի արտադրության Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմում է 6.5 մլն դրամ, նախավճարը՝ 325 հազար դրամ:
Ի դեպ, ավտոմեքենան գտնվում է Կառավարական 2-րդ տան ավտոտնակում: Նկատենք, որ ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին որեւէ տեղեկություն չկա նշված: Բացի այս, պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել նաեւ ֆինանսների նախարարության Nissan Pathfinder (Նիսսան Պատֆայնդեր) ավտոմեքենան, որը 2006 թվականի արտադրության է: Իսկ ավտոմեքենայի գնահատված եւ մեկնարկային արժեքը կազմում է 2 մլն 653 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ավտոմեքենայի շարժիչը եւ փոխանցման տուփը բավարար վիճակում է, թեեւ թափքի վրա կան վնասվածքներ:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վաճառքի է հանվել Վայոց Ձորի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող 2007 թվականի արտադրության ՎԱԶ 21 մակնիշի ավտոմեքենա, որի մեկնարկային արժեքը կազմում է 440 հազար դրամ: ՎԱԶ 21 ավտոմեքենան ունի սպիտակ գույն, հետեւի մեղմիչներն անսարք են, թափքի վիճակը բավարար է եւ մի քանի տեղ փոս ընկած է:
Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որ հանձնարարեց անցնել խնայողությունների ռեժիմի: Եւ նրա հանձնարարականից հետո բոլոր գերատեսչությունները լծվեցին իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան