Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել է Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանը, հարևանների խոսքով, միայնակ էր ապրում, երբեք որևէ մեկի հետ չէր շփվում, իսկ այսօր անսպասելի իմացել են, որ հյուրեր է ունեցել, որոնց հետ հանդիպումն ավարտվել է սպանությամբ:
Արշավիր Բարսամյանին ոստիկանները հայտնաբերել են տան խոհանոցի հատակին ընկած վիճակում` ամբողջությամբ պատված արյունով, կողքը` մուրճ` արյան հետքերով: Իսկ դին դուրս բերվեց ոչ թե պատգարակի վրա, այլ` վերմակով փաթաթված:
Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքի վայրում են եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով: Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն են:
Armlur.am-ի հետ զրույցում դեպքից սարսափահար եղած հարևանները հայտնեցին, որ Արշավիր Բարսամյանը դուստրեր ուներ, որոնք մշտապես եկել են հորը հյուր, ամեն անգամ վիճաբանել նրա հետ` անգամ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով:
«Վերջին մի քանի ամիսն է, որ հանգիստ ենք ապրում: Էն ժամանակ ի՞նչ վիճակ էր. ամեն Աստծու օր կռիվներ, լկտի արտահայտություններ, ինչեր ասես` չէր կատարվում նրանց տանը: Մի քանի ամիս է` հանգիստ ենք ապրում, էդ մարդու աղջիկներն էլ չեն գալիս: Ու ամենասարսափելին այն է, որ իրենց անչափահաս փոքր էրեխեքին էլ էին հետները բերում ու նրանց մոտ ինչ արտահայտություն ասես չէին անում»,- պատմեցին սպանվածի հարևանները:
Վերջիններս մեզ հետ զրույցում հավանական համարեցին այն, որ սպանության դրդապատճառը կարող էր զոհի բնակարանը լինել: Մեր զրուցակից հարևանները սա բացատրեցին այն հանգամանքով, որ նախկինում հոր և դուստրերի, ինչպես նաև` սպանվածի մյուս հարազատների միջև վիճաբանությունների և կռիվների միակ պատճառը բնակարանն էր լինում:
«Անկեղծ ասած, այս ընտանիքում բոլորը, կարծես, հոգեպես անառողջ լինեին: Քիչ առաջ, երբ երկու տղամարդու և մի կնոջ էլ դուրս բերեցին բնակարանից, նրանց տեսքն էլ այն չէր, իրենց տարօրինակ էին պահում: Լուրեր կան, թե բռնվածներից մեկը քույրն է: Եթե կողքի հարևանը շտապ ոստիկանություն չզանգեր, չգոռար, սարսափում ենք պատկերացնել` ինչ կլիներ: Մի խոսքով` վատ բան է եղել, բայց այդ ընտանիքից ամեն ինչ սպասելի է»,- շարունակեցին հարևանները:
Նրանց խոսքով` Արշավիր Բարսամյանը շարունակ գտնվել է շենքի դիմաց գտնվող բակում, այնտեղ մի փոքր հատված է վերցրել և ինչ-որ բան ցանել-մշակել:
Տեղեկացնենք, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: