Քիչ առաջ հատուկ ջոկատայիններն օպերացիա են իրականացրել Ավան-Առինջում. բերման է ենթարկվել 3 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, արդեն մի քանի ժամ է` Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Ականատես-բնակիչներն Armlur.am-ին հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները վնասազերծման աշխատանքներ իրականացնում:

Ավան-Առինջի բնակիչների խոսքով` իրենք տեսել են, թե ինչպես են շենքերից մեկի մուտքից ձեռնաշղթաներով դուրս բերել ոմն Սուրեն Երեմյանի: Իսկ ավելի ուշ ձերբակալել են ևս երկու հոգու: Բնակիչները կարծիք հայտնեցին, որ հնարավոր է իրավապահները որոնում են Ավան-Առինջում հայտնի Սուրենի եղբորը` Կարեն Երեմյանին` «Թիզ» մականվամբ: Բնակիչները տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայիններն առգրավել Կարեն և Սուրեն Երեմյանների ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվական բաժնից նշվածի հետ կապված որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Չհաջողվեց պարզել նաև` ինչ գործի շրջանակներում են իրականացվել նշված աշխատանքները իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ այս պահին դրանք դեռևս շարունակվում են, ինչը թույլ է տալիս կարծելու, որ դեռևս ոչ բոլորն են հայտնաբերվել:




Լրահոս