ԱՄՓՈՓՎԵԼ Է ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող եւ Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի հեռավար նիստը: Հեռավար նիստի ընթացքում ամփոփվել է ծրագրի իրականացման մեկ տարին: Նիստին մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրապական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ծրագրի շահառու հանդիսացող գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 

Ամփոփելով ծրագրի իրականացման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է, որ այն նշանակալի ներդրում է ունեցել Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման եւ պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության հարցում, կարեւորել է ձեռք բերված արդյունքների պահպանումն ու ընդլայնումը համագործակցության շարունակականության ապահովման միջոցով: Ծրագրի ներդրումը Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրարկումն ապահովելու եւ Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարեւորել են նաեւ Դեյվիդ Մորանը եւ Նատալյա Վուտովան: Բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սերտ համագործակցությունը, որն առավել ամրապնդվել է ծրագրի ներդրմամբ: Ամփոփելով հեռավար նիստը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համակարգային բարեփոխումներ է սկսել զինծառայողների սոցիալական եւ առողջապահական իրավունքների պաշտպանության ոլորտում, կարեւորել այս հարցում ծրագրի շրջանակներում թիրախային օժադակություն ստանալու կարեւորությունը: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի հունիսի 1-ից` հաշվի առնելով ծրագրի արձանագրած դրական արդյունքները եւ ՀՀ պաշտպանության նախարարության հաստատակամությունը Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շարունակման հարցում:

«Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022թ.թ. ծրագրի շրջանակներում եւ ֆինասավորվում է Միացյալ Թագավորության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինասավորում են նաեւ Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեդիան:

Ն.Պ.

 

 

ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ ՓԱԿ Է

Ստեփանավանի Դենդրոպարկը երեկ չի աշխատել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է ընկերությունից: Հիշեցնենք, որ սոցիալական կայքերում լայն տարածում էր գտել Դենդրոպարկում արված լուսանկարները, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքված՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու: Եվ, ահա, երեկ տեղեկացել ենք, որ, ոստիկանների որոշմամբ, Դենդրոպարկը փակ է լինելու սանիտարական իրավիճակի պատճառով, սակայն դեռ պարզ չէ՝ այսօր այն կաշխատի, թե ոչ:

Հիշեցնենք, որ նախորդող օրերը Հայաստանում ոչ աշխատանքային էին, եւ կառավարության նիստում անգամ խոսք եղավ այն մասին, որ պետք է հսկողություն լինի այնպիսի վայրերում, որտեղ այս ազատ օրերին կարող են մեծ թվով մարդիկ հավաքվել:

 

 

ՕՐԱԿԱՆ 2000

Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ՝ վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 819-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 146 հազար 668: Մահացածների թիվն ավելացել է 50-ով: Երկրում վարակի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 հազար 677 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Ծանր վիճակում է 2 հազար 547 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1943-ով: Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 114 հազար 931 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 896 հազար 571 անձ:

 

 

ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք, վիճակը կայուն է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մ. Մ.-ն ցած էր նետվել Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «Կարմիր» կամրջից: Տուժածը հոսպիտալացվել էր Արմավիրի ԲԿ-ում, այնուհետեւ տեղափոխվել Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ատացել էր դիմածնոտային բազում վնասվածքներ:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է երկու օր առաջ Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին: Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ուսումնասիրել է մոտ 200 տեսագրություններ եւ պարզել, որ տղամարդը խաչը պոկելուց եւ նետելուց հետո քայլել է մոտ 7 կմ եւ հասել իր տուն:  Նրան անմիջապես ձերբակալել են: Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել էր անձամբ Ոսքյուդարի ոստիկանապետին: Վերջինս խոստացել էր ամենասեղմ ժամկետում հայտնաբերել հանցագործին:

 

 

1156-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17572  ստուգում, եւ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ:

 

 

ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈԼՈՐՎԵԼ Է

Հայաստան Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր եւ 3 երեխա) մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Նարեկ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Մարինե (ծնված 1980 թվական), Հասմիկ (ծնված 2005 թվական), Ժորա (ծնված 2008 թվական), Արտակ (ծնված 2008 թվական) Ա.-երին եւ տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում գտնվող վագոն-տնակ:

 

 

ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29,30,31) Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչեւ 15:00: Ընդ որում, թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում եւ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն:

 

 

ՊԱԿԱՍ ՉԿԱ

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը Ստեփանակերտում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում իրականացրել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման եւ իրացման գների վերաբերյալ: Դիտարկված դեղատների ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը: Իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն՝ շուկայում առկա է տարբեր որակի` բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող եւ տեղական արտադրության (Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության) դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ կամ 23%: Նշենք, որ Արցախի Հանրապետությունում դիմակներ արտադրվում է «Ֆարմ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ:

 

 




Լրահոս